Նորություններ
21/02/2023
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ նախագահի գիտության և տեխնոլոգիաների գծով տեղակալ Վարդան Սահակյանը սույն թվականի փետրվարի 16-17-ը մասնակցել են Թբիլիսիում տեղի ունեցած «Հավերժական արժեքներ և անընդհատ փոփոխվող աշխարհ» միջազգային գիտաժողովի աշխատանքներին։ Այն նվիրված էր տարբեր գաղափարներ կրողների միջև կառուցողական երկխոսությանը, հավերժական, մնայուն արժեքների պահպանմանը ժամանակակից, սրընթաց փոփոխվող աշխարհում՝ քաղաքականության, գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում:

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն իր ելույթում բարձր է գնահատել հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, հայ-վրացական գիտական, մշակութային կապերը։ «Ուզում եմ հավատալ, որ մեր երկրների գիտությունների ազգային ակադեմիաների, գիտական հաստատությունների և գիտնականների միջև սերտ համագործակցությունն այսուհետ ևս կզարգանա և կամրապնդվի», - ասել է ՀՀ ԳԱԱ նախագահը։

Աշոտ Սաղյանը և Վարդան Սահակյանը հանդիպում են ունեցել Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Գեորգի Կվեսիտաձեի և փոխնախագահ, ակադեմիկոս Ռոին Մետրեվելիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների գիտությունների ազգային ակադեմիաների համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հարցերը։ Նաև քննարկվել է ակադեմիայի և ԲՈՒՀ-ական համակարգի փոխգործակցության վրացական փորձը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի միջև կնքել համագործակցության հուշագիր։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
21.02.2023թ․