| ||||||||
Հայաստանի աստղագիտության մեջ քայլեր են արվում արտարեգակնային մոլորակների ուսումնասիրությամբ զբաղվելու ուղղությամբ: «Սա նոր թեմա է, Հայաստանում երբեք չեն զբաղվել արտարեգակնային մոլորակներով: Արտարեգակնային մոլորակը արեգակնային համակարգից դուրս, այլ աստղերի շուրջ պտտվող մոլորակն է: Պրոֆեսոր Միշել Մայորը 1995թ-ին հայտնաբերել է առաջին արտարեգակնային մոլորակը: Եւ դրանից հետո արտարեգակնային մոլորակների հայտնաբերումը բուռն զարգացում սկսեց ապրել: Արդեն 20 տարուց ավելի անցել է, բայց մենք պատշաճ ձևով չենք արձագանքել այս զարգացումներին: Այդ պատճառով շատ կարևորում եմ այս թեմայի զարգացումը Հայաստանում»,- ասաց ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Նա ներկայացրեց շվեյցարացի աշխարհահռչակ գիտնական, առաջին արտարեգակնային մոլորակի հայտնաբերող, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի առաջին դափնեկիր պրոֆեսոր Միշել Մայորին, ով այս օրերին Հայաստանում է` հայ աստղագետներին ներկայացնելու արտաարեգակնային մոլորակների ուսումնասիրությունների վերաբերյալ վերջին զարգացումները: «Արդեն հայտնաբերվել է մոտ 3600 այդպիսի մոլորակ: Մենք եկել ենք այն եզրակացության, որ բոլոր աստղերն, ըստ երևույթին, ունեն մոլորակներ: Այդ մոլորակները շատ հեռու են: Դեռ մեր տեխնիկական պայմանները թույլ չեն տալիս հասնել այդ մոլորակներին: Ներկայումս մեր խնդիրն է այդ մոլորակների վրա գտնել կյանքի կենսաբանական նշաններ` ջուր, թթվածին»,- ասաց պրոֆեսոր Միշել Մայորը: |