Նորություններ
22/11/2022
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթի մրցանակաբաշխությունը

Սույն թվականի նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի հայերի միության և «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն ինստիտուտի հայտարարած երիտասարդ գիտնականների համար «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթի մրցանակաբաշխությունը: 

Մրցանակակիրներին շնորհավորեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և մաղթեց նորանոր նվաճումներ: Նա նշեց, որ մրցույթը կյանքի է կոչվել ՀՀ ԳԱԱ-ի բարեկամ, բարերար Արա Աբրահամյանի հովանավորությամբ: 

«Այսօրինակ մրցանակները մեր երկրում ստեղծված ծանր պայմաններում կարևոր, էական, մշակութաստեղծ երևույթ են, որովհետև գիտության ոլորտն ունի սատարման անհրաժեշտություն: Միաժամանակ, այսօր շատ մեծ են հասարակության ակնկալիքները գիտության ոլորտից: Այս մրցանակաբաշխության անցկացումն էական ներդրում է գիտության ոլորտի աշխուժացման համար: Ես հույս ունեմ, որ մրցանակաբաշխությունը կլինի շարունակական»,- ասաց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը: 

«Մենք պետք է վերականգնենք նման մրցանակաբաշխություններ անցկացնելու ավանդույթը: Գիտությունն ամենակարևոր օղակներից մեկն է: Գիտության մեջ նոր բառից, նոր մասնիկից նոր գյուտ կարող է առաջանալ, ինչը մեզ պետք է: Գիտությունը սահմաններ չի ճանաչում: Երիտասարդներին եմ ասում՝ հավատացեք ձեզ, ու ամբողջ աշխարհը ձերն է լինելու»,- ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ, «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի հիմնադիր Արա Աբրահամյանը:

Ֆիզիկա, մեխանիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա անվանակարգում 1-ին տեղը զբաղեցրել է Դավիթ Հայրապետյանը (Հայ-Ռուսական համալսարան), 2-րդ տեղը՝ Արմեն Սարգսյանը (ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ), 3-րդ տեղը զբաղեցրել են Տիգրան Պետրոսյանը (Երևանի պետական համալսարան) և Վահրամ Ղազարյանը (ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ):

Քիմիա և Երկրի մասին գիտություններ անվանակարգում 1-ին տեղը զբաղեցրել է Ջոն Կարապետյանը (ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ), 2-րդ տեղը՝ Մարիետա Զաքարյանը (ՀՀ ԳԱԱ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ): 3-րդ տեղը զբաղեցրել են Աստղիկ Շահխաթունին (ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն), Բալաբեկ Սարգսյանը (Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա) և Անուշ Հովակիմյանը (ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն):

Կյանքի մասին գիտություններ անվանակարգում 1-ին տեղը զբաղեցրել է Գոհար Ցականովան (ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ), 2-րդ տեղը՝ Հեղինե Գևորգյանը (Երևանի պետական համալսարան), 3-րդը՝ Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն):

Հայագիտություն և հասարակական գիտություններ անվանակարգում 1-ին մրցանակին արժանացել են Լևոն Աղիկյանը (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ), Միքայել Մալխասյանը (Երևանի պետական համալսարան), Վոլոդյա Մկրտչյանը (Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարան): 2-րդ մրցանակին արժանացել են Մարտին Հարությունյանը (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ), Մերի Սարգսյանը (ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն), Արմեն Ավանեսյանը (ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ): 3-րդ մրցանակին արժանացել են Գոռ Մարգարյանը (ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ), Ռուբեն Մելքոնյանը և Նաիրա Պողոսյանը (Երևանի պետական համալսարան):

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22.11.2022թ.