Սույն թվականի մայիսի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին հանձնվեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) արտասահմանյան անդամի դիպլոմ:
Դիպլոմը հանձնեց ՌԳԱ նախագահի պաշտոնակատար Վալերի Կոզլովը ՌԳԱ նախագահության նիստի ընթացքում:
«Ռադիկ Մարտիրոսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է գիտության լայն սպեկտր` քվանտային ռադիոֆիզիկա, գերհաղորդականության կիրառական պրոբլեմներ, տիեզերական հետազոտություններ, ռադիոաստղագիտություն…»,- Ռադիկ Մարտիրոսյանին նիստի մասնակիցներին ներկայացրց ՌԳԱ նախագահության գլխավոր գիտքարտուղար Միխաիլ Պալցևը:
Ռադիկ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց ՌԳԱ նախագահությանը ընտրության համար և ասաց. «Ռուսաստանի գիտությունների ակադեմիան առաջադեմ գիտական կենտրոն է` 300-ամյա պատմությամբ, որը մեծ ներդրում է ունեցել համաշխարհային գիտության զարգացման գործում: Եւ դրա համար այս ակադեմիայի անդամ դառնալը յուրաքանչյուրի երազանքն է, ով զբաղվում է գիտությամբ: Բացի խոշոր գիտական հետազոտություններից Ռուսաստանի գիտությունների ակադեմիան իրականացրել է նաև կարևորագույն հումանիտար գործունեություն. աջակցել է միութենական հանրապետություններին կազմակերպել գիտական հետազոտություններ և պատրաստել կադրեր: Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա 1935 թվականին ԽՍՀՄ-ի Գիտությունների ակադեմիան ստեղծեց մասնաճյուղ Հայաստանում, որի հիմքի վրա 1943 թվականին ստեղծվեց Հայաստանի գիտությունների ակադեմիան»:ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ 2018 թվականին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան նշելու է հիմնադրման 75-ամյակը: Երևանում տեղի կունենա ԱՊՀ երկրների գիտնականների ֆորում, որը կզուգակցվի հոբելյանական միջոցառումներով:
Ըստ Ռադիկ Մարտիրոսյանի` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո գիտության և գիտաշխատողի վարկն ընկել է, և ներկայումս առաջարկվում են այնպիսի բարեփոխումներ, որոնցից դրական արդյունքներ դժվար է սպասել:
«Մենք շատ հետաքրքրված են շարունակելու համագործակցության մեր լավ ավանդույթները Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և այլ երկրների ակադեմիաների հետ, քանի որ մեր ակադեմիաների ամենալավ գիտական արդյունքները կապված են համագործակցության հետ: Ես` որպես Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, խոստանում եմ անել ամեն ինչ, որ այդ համագործակցությունը զարգանա»,- եզրափակեց ՀՀ ԳԱԱ նախագահը:
Իր հերթին ՌԳԱ նախագահի պաշտոնակատար Վալերի Կոզլովն ասաց. «Մենք ունենք համագործակցության շատ լավ օրինակներ: Համակարգված քայլ առ քայլ առաջ կմղենք գիտության գործը»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ՌԳԱ արտասահմանյան անդամ է ընտրվել 2016թ-ի հոկտեմբերին:
Տեսանյութ
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
29.05.2017թ.