| ||||||||
Սույն թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում՝ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) հայտարարած «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ»-ի վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը, ԵԳԱԾ-ի մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամներ, ասպիրանտներ, հայցորդներ ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներից, ԲՈՒՀ-երից և այլ գիտական հաստատություններից: «Մրցույթի հիմնական նպատակն է նպաստել երիտասարդ գիտնականների կողմից կատարվող հասարակագիտական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների քանակի ավելացմանը, ավելացնել օտարալեզու տպագրությունների քանակը և ձևավորել նոր խմբեր»,- ասաց ԵԳԱԾ-ի մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամ Հայկ Զաքարյանը: Նա ներկայացրեց մրցույթին դիմելու կարգը, այնուհետև պատասխանեց մասնակիցների հարցերին: Մրցույթի շրջանակում դրամաշնորհներ կտրվեն 2-3 երիտասարդ գիտնականներից բաղկացած խմբերին: Հետազոտությունների ժամանակահատվածը սահմանված է 12 ամիս: Մեկ տարվա ընթացքում շահառուները պետք է գիտահանրամատչելի ձևով ներկայացնեն իրենց գիտահետազոտական աշխատանքը՝ հարցազրույցներ, գիտահանրամատչելի ամսագրերում հրապարակումներ, տեսանյութեր և այլն: Երկու հոգուց բաղկացած խմբերի ֆինանսավորման առավելագույն չափը կազմելու է 4 000 000 ՀՀ դրամ, իսկ երեք հոգուց բաղկացած խմբերինը՝ 5 000 000 ՀՀ դրամ: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022թ․ նոյեմբերի 17-ն է: |