Նորություններ
02/11/2022
ԵԳԱԾ-ը հայտարարում է «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթ»

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ը հայտարարում է «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթ»: Մրցույթի նպատակներն են խրախուսել գիտության բոլոր բնագավառներով միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում հոդվածների տպագրությունը, հայագիտության, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներով անգլալեզու տպագրությունը, նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանը և միջազգայնացմանը։ 

Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն անցկացվում է չորս ենթածրագրով.

  • «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ տպագրության համար դրամաշնորհի տրամադրում
  • «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ըստ տվյալ կատեգորիայի ամսագրերի դասակարգման առաջին (Q1) քառորդի առաջին հինգ ամսագրերում տպագրած հոդվածի համար դրամաշնորհի տրամադրում
  • հայագիտության և հումանիտար գիտությունների, հասարակական գիտությունների բնագավառներով (Գիտության կոմիտեի ցանկի 5-րդ և 6-րդ բաժիններում ընդգրկված մասնագիտություններով) «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման քառորդներում ընդգրկված ամսագրերում տպագրված գիտական հոդվածների համար դրամաշնորհի տրամադրում
  • հայագիտության և հումանիտար գիտությունների, հասարակական գիտությունների բնագավառներում (Գիտության կոմիտեի ցանկի 5-րդ և 6-րդ բաժիններում ընդգրկված մասնագիտություններով) ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկերում ընդգրկված ամսագրերում տպագրված անգլալեզու գիտական հոդվածների համար դրամաշնորհի տրամադրում։

Մրցույթով նախատեսված պահանջներին բավարարող գիտական պարբերականներում հոդված տպագրած երիտասարդ գիտնականներին կտրամադրվի դրամաշնորհ-մրցանակ։ Հայտերի ընտրությունն իրականացվելու է ԵԳԱԾ հանձնաժողովի կողմից։

Մրցույթին յուրաքանչյուր գիտական հոդված կարող է ներկայացվել մեկ անգամ։ Ներկայացվող գիտական հոդվածը պետք է տպագրված և հասանելի լինի առցանց կամ տպագիր տարբերակով։ Գիտական աշխատանքի տպագրության (publication date) կամ առցանց հասանելի դառնալու (available online) ամսաթիվը պետք է լինի 2021 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 21-ը ներառյալ:

Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի նոյեմբերի 28-ն է։

Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ, իսկ մրցույթի հայտին՝ այստեղ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
02.11.2022թ.