| ||||||||
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը նախաձեռնել է «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով գիտաժողովների շարք՝ նպատակ ունենալով առանձին-առանձին անդրադառնալու հայերենի 11 բարբառախմբերից յուրաքանչյուրին: Սույն թվականի հոկտեմբերի 20-21-ին Լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ շարքի առաջին միջազգային գիտաժողովը՝ «Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ և մարտահրավերներ» խորագրով: Միջազգային գիտաժողովին, որ համատեղ կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտը և Արցախի պետական համալսարանը, իրենց մասնակցությունը բերեցին ՀՀ ԳԱԱ տարբեր ինստիտուտների, ԲՈՒՀ-երի, Արցախի պետական համալսարանի հետազոտողներ, հայագետներ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յու. Սուվարյանը բարբառները որակեց իբրև լեզվի կենդանի, բնական գոյավիճակներ, որոնց համակողմանի հետազոտությունը մեծ կարևորություն ունի ինչպես լեզվի պատմության, այնպես էլ արդի գործառության շատ հարցեր պարզաբանելու առումով: Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ա. Սարգսյանն իր ողջույնի խոսքում անդրադարձավ միջբարբառախմբի կազմում ընդգրկված բարբառային միավորների առջև ծառացած գոյապահպանական մարտահրավերներին, ուսումնասիրության արդի խնդիրներին: Ելույթներ ունեցան և բարբառային հայերենի ուսումնասիրությունը կարևորեցին «Հայկական հանրագիտարան» հրատարակչության տնօրեն Հ. Այվազյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վ. Դևրիկյանը, Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի հայագիտության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ա. Տոնապետյան-Դեմոպուլոսը, Լեյդենի համալսարանի դասախոս Հ. Մարտիրոսյանը, ֆրանսիացի հայագետ Ա.Միքայելյանը, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից բռնագաղթված Ն. Ոսկանյանը: Գիտական զեկուցումներում անդրադարձներ եղան Ղարաբաղի բարբառի ուսումնասիրության պատմությանը (Ա.Յու.Սարգսյան), Արցախի տեղանվանական համակարգին (Լ.Հովհաննիսյան, Լ.Մարգարյան, Ս.Մինասյան), բարբառների հնչյունական համակարգին (Լ.Վանյան), բառապաշարին (Շ.Մինասյան, Ս.Գրիգորյան, Ա.Արզումանյան, Մ.Քումունց, Է.Ալթունյան), քերականական իրողություններին (Գ.Գևորգյան, Ջ.Բառնասյան), առանձին բարբառային միավորների (Վ.Կատվալյան, Հ.Արզումանյան, Մ.Քումունց, Հոջսոն Քեթրին Ջերեմի, Հ.Խաչատրյան): Հնչեցին նաև զեկուցումներ՝ նվիրված բարբառային փոխազդեցություններին (Ա.Շ.Սարգսյան, Ա.Վարդանյան) ու այլ լեզուների հետ որոշ ընդհանրություններին (Լ.Ստեփանյան), բանահյուսական ու գեղարվեստական նյութերում բարբառային իրողությունների արտահայտություններին (Թ.Հայրապետյան, Ս.Մինասյան): Գիտաժողովի մասնակիցները իրենց զորակցությունը հայտնեցին արցախահայությանը, անդրադարձան տարածաշրջանի բարբառային միավորների առջև ծառացած գոյապահպանական խնդիրներին՝ ցավով արձանագրելով մի շարք բարբառների ու խոսվածքների կորստյան փաստը: |