| ||||||||
Սույն թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի արտագնա նստաշրջանը: Այն կանցկացվի Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության, Եվգենի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ համատեղ՝ Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կազմակերպչական աջակցությամբ: Հարավային Կովկասի արդի խնդիրների վերլուծությանը նվիրված «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի արտագնա նստաշրջանը կբացի Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը: Մասնակիցներին կողջունեն ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Համաժողովի նիստերը նվիրված են «Համաշխարհային կարգի փոխակերպում. տարածաշրջանային չափում», «Տնտեսություն՝ համաճարակային ռիսկերից մինչև աշխարհաքաղաքական ռիսկեր», «Կովկաս. փոփոխվող աշխարհում անվտանգության և զարգացման բանաձևի որոնման տարածաշրջանային համատեքստը», «Կովկասի տարածաշրջանի ոչ տարածաշրջանային դերակատարները՝ շահեր, առաջնահերթություններ, հնարավորություններ» թեմաներին: «Պրիմակովյան ընթերցումներ» գիտական և փորձագիտական համաժողովը միջազգային հարաբերությունների և համաշխարհային տնտեսության ոլորտի փորձագետների ամենամյա միջազգային հանդիպում է: Այն առաջին անգամ անցկացվել է 2015 թվականին և անվանվել է գիտնական և պետական գործիչ Եվգենի Պրիմակովի անունով։
Միջոցառման ընթացքում կգործի press-room, որտեղ լրատվամիջոցների ներկայացուցիչները կկարողանան հարցազրույցներ անցկացնել փորձագետների հետ: Դրա համար անհրաժեշտ է նախապես տեղեկացնել նախատեսվող հարցազրույցի մասին՝ զանգահարելով +374 99 12 50 40 հեռախոսահամարով: |