Նորություններ
10/10/2022
ՀՀ ԳԱԱ Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովում քննարկվեց Սևանա լճի ավազանի վրա ոչ մետաղական հանքերի ազդեցության հարցը

Սույն թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Սևանա լճի էկոհամակարգի վրա ոչ մետաղական հանքերի ազդեցության հարցը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ասատուր Վարդանյանը և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյանը:

Հանձնաժողովի անդամ, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը ներկայացրեց խնդիրը՝ նշելով. «Մենք հավաքել ենք Սևանա լճի ավազանում շահագործվող բոլոր հանքերի վերաբերյալ տվյալներ: Շատ մտահոգիչ է պատկերը: Ամեն գյուղ իր համար խարամի հանք է բացում: Ուսումնասիրության և շահագործման համար տրված է 8 լիցենզիա, բայց 2019թ. տիեզերական նկարով արդեն կա 38 մեծ ու փոքր փորվածք: 2022թ. տիեզերական նկարով փորվածքների թիվը 2019թ-ի փորվածքների համեմատ ավելի է շատացել»:

Հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ եթե մեկ հանքի դեպքում նկատելի ազդեցություն շրջակա միջավայրի վրա չկա, բայց դրանց գումարային ազդեցությունը շրջակա միջավայրի համար ակնհայտ է: «Այդ հանքերի փորվածքների գումարային ազդեզությունն այն է, որ լանդշաֆտներն են փոխվում, կարող է էրոզիա լինել, սողանքներ, փլուզումներ: Այդտեղ կարող են արոտավայրեր լինել: Գետերի վերին հոսանքներում գտնվողները գետերի մեխանիկական աղտոտման պատճառ են դառնում, ազդում էկոհամակարգի վրա, քանի որ գետերը Սևանի ձկների ձվադրավայրն են: Այս եղածի հետ միասին մենք ստացել ենք դիմումներ 20 հանքերի հետախուզման համար և սա գրեթե նույն տարածքում՝ Արգիճի և Մարտունի գետերի հատվածում»,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը 

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյանը նշեց, որ ապօրինություններն են շատ: «Մեկ ամիս առաջ շրջայցի ընթացքում երեք ապօրինի դեպք ենք հայտնաբերել», - ասաց նա: Քննարկվեց Սևանի ավազանում ոչ մետաղական հանքերի շահագործման ժամանակավոր դադարեցման հարցը մինչև խնդրի կարգավորումը: Որոշվեց խնդրի առնչությամբ ևս մեկ քննարկում կազմակերպել՝ հրավիրելով նաև ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներին:

Այնուհետև, Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի անդամները քննարկեցին «Արամ-Շին» ՍՊԸ-ի ՀՀ Գեղարքունիքի մարզի Ջիլի կոնգլոբրեկչային հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Հանձնաժողովը որոշեց հայտի վերաբերյալ կարծիք տալ իր դիտողությունների վերաբերյալ պատասխան ստանալուց հետո:

Օրակարգի մյուս հարցը վերաբերում էր Սևանա լճի ափամերձ ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքների մաքրման աշխատանքներին:

Զեկուցվեց, որ 2019-2021թթ. ընթացքում 750 հա տարածքում մաքրման աշխատանքներ իրականացնելու համար պայմանագիր է կնքվել «Հարությունյան Շին» ՍՊԸ-ի հետ: 2019թ. նախատեսվել էր Վարդենիսի մասնաճյուղի Ծովակ տեղամասում մաքրել 98 հա տարածք, սակայն մաքրվել է 78 հա: 2020թ.նախատեսվել էր 271 հա տարածքի մաքրում, սակայն մաքրվել է 66 հա: 2020 թ. սեպտեմբերի վերջին դադարեցվել է մաքրման աշխատանքների իրականացումը: 2021թ. մաքրման աշխատանքներ չեն իրականացվել:

2022թ. ընթացքում նախատեսված է Սևանա լճի ափամերձ ջրածածկ և ջրածածկման ենթակա 64.8 հա տարածքների մաքրում: Սեպտեմբերի 12-ի դրությամբ մաքրվել է շուրջ 30 հա տարածք: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հնարավոր է համարում մինչև տարեվերջ ավարտել նախատեսված աշխատանքները:
   
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
10.10.2022թ.