Նորություններ
04/10/2022
ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի «Շրջակա միջավայրի պահպանությանհետբուհական նորարարական կրթություն. մեթոդներ և գործիքներ» գիտաժողովը

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 09:30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Շրջակա միջավայրի պահպանության հետբուհական նորարարական կրթություն. մեթոդներ և գործիքներ» գիտաժողովը: Եռօրյա գիտաժողովն ամփոփելու է «Շրջակա միջավայրի պաշտպանություն(բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» (MENVIPRO) կարողությունների զարգացման Էրազմուս+ ծրագրի արդյունքները: Կներկայացվեն Հայաստանում և Վրաստանում հետբուհական նորարարական բնապահպանական կրթության զարգացման ներկա պահանջները, Եվրոպական միության գործընկերների՝ Իտալիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի լավագույն փորձը:

MENVIPRO ծրագիրը միտված է եղել նպաստելու բնապահպանական կրթության արդիականացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանի ԲՈՒՀ-երում` փոխանցելով եվրոպական լավագույն փորձը և կիրառելով «Quadruple Helix» սկզբունքները: Ծրագրի գործընկերներն են Տուշայի համալսարանը (Իտալիա), Երկրի էկոհամակարգերի հետազոտական ինստիտուտը, Հետազոտության ազգային խորհուրդը (Իտալիա), Լիսաբոնի բարձրագույն տեխնիկական ինստիտուտը (Պորտուգալիա), Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիթթենբերգի համալսարանը (Գերմանիա), «Giraf Pm Services Gmbh» ընկերությունը (Գերմանիա), Վրաստանի համալսարանը, Իլիա պետական համալսարանը (Վրաստան), Վրաստանի գիտակրթական ցանցային ասոցիացիան: Հայաստանում MENVIPRO ծրագրի գործընկերներն են ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, Գավառի պետական համալսարանը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
04.10.2022թ.