Նորություններ
09/06/2022
ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Դավիթ Հարությունյանը

Ս.թ. հունիսի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Դավիթ Վլադիմիրի Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանը ծնվել է 1985թ-ին: 2001-2006թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, 2006-2008թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2009թ. սովորել է ԱՄՆ Բոստոն քաղաքի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավագիտության և դիվանագիտության դպրոցում: 2011-2013թթ. ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում անցել է դոկտորանտուրա՝ ստանալով գիտությունների դոկտորի աստիճան:

Դավիթ Հարությունյանը 2004-2005թթ. աշխատել է «ԱՍՔ» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ, 2005-2007թթ.՝ «Քեյ Փի Էմ Ջի Հայաստան» ընկերությունում՝ որպես հարկային և իրավաբանության գծով խորհրդատու, 2007-2011թթ.՝ «ՓրայսվոթերհաուզԿուպերս Հայաստան» ընկերությունում՝ որպես հարկային և իրավաբանության գծով ավագ խորհրդատու, 2009-2018թթ.՝ ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում՝ որպես գիտաշխատող, 2011-2013թթ.՝ «ՓրայսվոթերհաուզԿուպերս Հայաստան» ընկերությունում՝ որպես հարկային և իրավաբանական ծառայությունների ղեկավար, 2013-2017թթ.՝ «Գրանտ Տոռոնտոն Հայաստան» ընկերությունում՝ որպես հարկային ծառայությունների ղեկավար, 2017-2022թթ. աշխատել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում՝ որպես խորհրդի նախագահի խորհրդական:2011-2013թթ. նա եղել է Հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ, 2013-2017թթ.՝ Ներքին աուդիտորների ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ: 2013թ. ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի մրցույթի արդյունքներով արժանացել է  տնտեսագիտության և իրավագիտության մասնագիտության գծով «Մխիթար Գոշի» անվան  առաջին կարգի մրցանակի։ 2013թ. մրցույթի արդյունքների ամփոփմամբ  տնտեսագիտության ոլորտում «Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշռի կառավարման հիմնախնդիրները» աշխատության համար արժանացել է  «Տարվա լավագույն գիտական աշխատանք» մրցանակի:

2011-2013թթ. նա դասախոսել է Հայաստանի ֆրանսիական համալսարանում, իսկ 2011թ. մինչ օրս դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում: Մասնակցել է մի շարք սեմինարների և գիտաժողովների Իտալիայում, Լեհաստանում,  Հունգարիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Ղազախստանում, Չեխիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում և  այլն:  Հեղինակ է ավելի քան 50 գիտական աշխատությունների և 5 գրքերի:

Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի 2022-2027թթ. զարգացման ծրագիրը: «Այս տարիների ընթացքում նպատակ ունենք ձևավորել երիտասարդ գիտական  անձնակազմ, ներգրավել նոր արհեստավարժ կադրերի, մասնակցել և դառնալ հանրապետական ու միջազգային  մրցույթների շահառու, համագործակցել միջազգային վերլուծական կենտրոնների, ՀՀ կառավարության տնտեսագիտական ուղղվածության նախարարությունների և Ազգային ժողովի տնտեսագիտական ուղղվածության հանձնաժողովների հետ, կազմակերպել միջազգային գիտաժողովներ:

Նաև նպատակ ունենք ներդնել նոր գիտական ուղղություններ, իրականացնել երկրում մակրոտնտեսական հավասարակշռության ապահովման հիմնախնդիրների, այդ թվում՝ գնաճի կառավարման, արտաքին պարտքի կառավարման, դրամավարկային և հարկային քաղաքականության արդյունավետ իրականացման ուղղությունների ուսումնասիրություն և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Գիտական հիմքով կամ նորամուծական իրական տնտեսության զարգացման ապահովման համար իրականացնել հետազոտություններ և ներկայացնել երաշխավորություն իշխանության մարմիններին՝ հատկապես կարևորելով ռազմաարդյունաբերական համալիրի և ինտենսիվ հիմունքներով գյուղատնտեսության զարգացումը։

Թվային տնտեսության ժամանակաշրջանում կարևոր է ինստիտուտում զարգացնել երկու ուղղություններ՝ տնտեսամաթեմատիկական մեթոդների և դրանց կիրառական խնդիրների հետազոտություն և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղություններում հետազոտություններ։ Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա իրականացնել  հետազոտություններ էներգետիկ և պարենային անվտանգության հարցերի շուրջ և ներկայացնել այն իշխանության մարմիններին», - ասաց Դավիթ Հարությունյանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
09.06.2022թ.