Նորություններ
08/06/2022
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը խորը վշտով հայտնում է, որ 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ նախագահության նախկին անդամ, Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Արամ Սիմոնյանը ՀՀ գիտության վաստակավոր գործիչ էր, պատմագետ, հրապարակախոս: 1982-86թթ-ին նա եղել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող: Նրա հիմնական գիտական աշխատությունները նվիրված են 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի առաջին կեսի հայոց պատմության հիմնահարցերին, պատմական վիճակագրությանը, Արցախի և Զանգեզուրի 1918-1921 թթ-ի պատմությանը: Արամ Սիմոնյանը հեղինակ է 85 գիտական աշխատանքների, որոնցից 4-ը մենագրություններ են: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 10 թեկնածուական ատենախոսություն։ Նա բազմիցս հրավիրվել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ, որտեղ զբաղվել է գիտակրթական գործունեությամբ:

Խորապես ցավակցում ենք Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամներին մեծ կորստի կապակցությամբ:
 
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
08.06.2022թ.