Նորություններ
06/06/2022
Տեղի ունեցավ Լևոն Եպիսկոպոսյանի «ՉԸՆԴՀԱՏՎԱԾ ԿՈԴ․ հայոց գենետիկական պատմություն» գրքի շնորհանդեսը

Սույն թվականի հունիսի 3-ին «ԱՐՏ ԲՐԻՋ» գրախանութ սրճարանում տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանի «ՉԸՆԴՀԱՏՎԱԾ ԿՈԴ․ հայոց գենետիկական պատմություն» գրքի շնորհանդեսը:

Այս մենագրությունը հիմնված է Հարավարևմտյան Ասիայի հնագույն ժողովուրդներից մեկի՝ հայերի ծագման ավելի քան 20-ամյա ուսումնասիրության վրա։ Մենագրության մեջ դիտարկվում են էթնոսների առաջացման և գենետիկական ինքնության ձևավորման պայմանները, ներկայացվում են հայոց ծագումնաբանության վարկածների գենետիկական ստուգման արդյունքները, վերհանվում են սփյուռքահայ խմբերի բռնագաղթերի և այլ էթնիկական կազմավորումների հետ նրանց շփումների հետևանքները, ընդգծվում է «Պատմական Հայաստանի գենետիկական ատլասի» ստեղծման կարևորությունը, քննարկվում է հայկական գենոֆոնդի կայունությունն ապահովող գործոնների դերը:

«Մեր պատմության համար կա մեկ կարևոր տեսակետ՝ մեր բնիկության կամ ոչ բնիկության հարցն է: Մենք չենք ունեցել գիտական հիմնավորված տվյալներ դրա վերաբերյալ: Այդ հարցի պատասխանը չէին կարող տալ ո՛չ պատմաբանները, ո՛չ հնագետները, ո՛չ լեզվաբանները, ո՛չ դիցաբանները: Եկել է ժամանակը, որ այդ հարցի պատասխանը պետք է տա գենետիկան՝ ծինաբանները: Մենք ցույց ենք տալիս, որ այսօր ապրող հայերս շատ մոտ ենք բրոնզե դարում ապրող բնակչությանը: Դա նշանակում է, որ մենք ունենք գենետիկական անընդհատություն: Չնայած այն հանգամանքին, որ մեր տարածաշրջանը ենթարկվել է տարբեր նվաճողների ազդեցությանը, մենք կարողացել ենք մեր գենոֆոնդը առնվազն 4-5 հազար տարի պահել առանց որևէ նկատելի ազդեցության: Սա կարևոր է այն տեսանկյունից, որ մենք սահմանում ենք՝ մենք ոչ թե հատուկ հայկական գենի կրողն ենք, այլ մեր կայունությունը հազարամյակների ընթացքում ապահովել է մեր ինքնագիտակցությունը, մեր էթնիկական ինքնությունը», - շնորհանդեսի ժամանակ ասաց Լևոն Եպիսկոպոսյանը:

«ՉԸՆԴՀԱՏՎԱԾ ԿՈԴ․ հայոց գենետիկական պատմություն»  գրքի պատասխանատու խմբագիր, ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ  Ռուբեն Հարությունյանն ասաց. «Այս գիրքն ամեն հայի համար կլինի հիմնարար իր արմատների իմացության տեսանկյունից: Գրքում նշվում է, որ 0,5 %-ն է միայն հայերի մոտ դրսից բերված գենոֆոնդը: Հեղինակն իր գործընկերների հետ արդեն ստացել է հնագույն ԴՆԹ-ի տվյալներ, որոնց հիման վրա շատ հետաքրքիր կլինի համեմատել, թե որքան ենք մենք տարբերվում մեր նախնիններից»: 

Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը նշեց. «Գրքում ամենակարևոր սկբունքն այն է, որ հայկական գենոֆոնդը բացահայտվել է Հայկական լեռնաշխարհում: Սա բնիկության կարևոր փաստ է»:

Լևոն Եպիսկոպոսյանի խոսքով՝ գիրքը թիմային աշխատանքի արդյունք է. «Գրքի պատրաստմանը մասնակցել են բազմաթիվ մասնագետներ նաև հարակից գիտակարգերից՝ պատմաբաններ, հնագետներ, լեզվաբաններ և դիցաբաններ: Նրանք ինձ օգնել են ավելի ընդգրկուն կերպով ներկայացնել այս հարցը գենետիկայի տեսանկյունից»,- ասաց նա:

Լևոն Եպիսկոպոսյանը գիրքը հասցեագրել է հարակից գիտակարգերով զբաղվող իր գործընկերներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են Հայաստանի գենետիկական պատմությամբ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06.06.2022թ.