Նորություններ
23/05/2022
Եվրոպական ծրագրերին նվիրված տեղեկատվական օր ՀՀ ԳԱԱ-ում

2022թ. մայիսի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «EURAXESS-Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է «EURAXESS-Հայաստան» տեղեկատվական օր նվիրված՝ ԵՄ ծրագրերին, որոնք աջակցում են գիտնականների շարժունությանը և կարիերայի զարգացմանը: Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Միջազգային դրամաշնորհների աջակցության բաժինը (ՄԴԱԲ)՝ Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի (ԳՆԳԱԿ)  և Եվրահանձնաժողովի հետ համագործակցությամբ։

Միջոցառման հիմնական նպատակն էր հայ գիտական համայնքին ներկայացնել ԵՄ տարբեր ծրագրերի շրջանակներում միջազգային շարժունության և կարիերայի զարգացման հնարավորությունները:

Միջոցառումը բացեց և ներկաներին ողջունեց ՀՀ ԳԱԱ ՄԴԱԲ-ի պետ Տիգրան Արզումանյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ փոխնախագահ պրն. Հրանտ Մաթևոսյանը, Եվրոպական հանձնաժողովի Հետազոտությունների և նորարարությունների գլխավոր տնօրինության ԵՀՔ թիմի ղեկավար տկն. Սիլվիա Բոժինովան, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու պրն. Դավիթ Ավագյանը:

Միջոցառման օրակարգը ներառում էր տեղեկատվություն ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի, նախաձեռնությունների և նրանց շրջանակներում հայտարարաված մրցույթների վերաբերյալ։ Ներկայացվեցին «EURAXESS», «Հորիզոն Եվրոպա», Մարի-Սկլոդովսկա Կյուրի, DAAD, COST, Erasmus+, ինչպես նաև շարժունությանը և միջազգային համագործակցությանը նպաստող ազգային ծրագրերը: Ելույթներ ունեցան նաև Մարի-Սկլոդովսկա Կյուրի ծրագրի անհատական/հետդոկտորական կրթաթոշակների երեք հայ շահառուներ, ովքեր ներկայացրեցին իրենց նախագծերը, հայտադիմումների ներկայացման փորձը և օգտակար խորհուրդներ տվեցին ապագա դիմորդներին:

Միջոցառմանը մասնակցեցին հրավիրված խոսնակներ՝ տկն. Քրիստինա Գոմեսը, EURAXESS-ի իսպանական գլխավոր գրասենյակի ներկայացուցիչ/Մարի-Սկլոդովսկա Կյուրի ծրագրի ազգային կոնտակտային անձ և տկն. Կատալին Ալֆոլդին, COST ասոցիացիայի քաղաքականության գծով պատասխանատուն:

Միջոցառմանը մասնակցեցին շուրջ 100 գիտնականներ։