Նորություններ
28/04/2022
ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2021թ-ի գործունեության հիմնական արդյունքները

Սույն թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը (Օրգանական քիմիայի ինստիտուտ, Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ, Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման կենտրոն), Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը, Երկրաբանական գիտությունների ինստիտուտը, Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության  ինստիտուտը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են ԳԱԱ 5 ակադեմիկոս, 5 թղթակից անդամ և 19 արտասահմանյան անդամ:

ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը ներկայացրեց 2021թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

2021 թվականին բաժանմունքի գիտաշխատողների կողմից տպագրվել է 149 հոդված, որից 97-ը՝ արտասահմանում, 62 թեզիս, որից 55-ը՝ արտասահմանում, 10 մենագրություն, որից 4-ը՝ արտասահմանում, ստացվել է մեկ արտոնագիր:

Ակադեմիկոս Լևոն Թավադյանը ներկայացրեց բաժանմունքի կազմակերպությունների կողմից իրականացված և շարունակվող դրամաշնորհային ծրագրերը:

ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի կողմից իրականացվել են և շարունակվում են հետևյալ ծրագրերը.

  • «Հրազդան գետի ավազանի համար գետավազանային կառավարման նախագծի մշակում. (մաս 2)» ԵՄ ջրային նախաձեռնություն+ԱլԳի, Ջրային միջազգային գրասենյակի ֆինանսավորմամբ

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից իրականացվել են հետևյալ ծրագրերը.

  • «Մեծ Կովկասի սեյսմիկ կառուցվածքը և բարձրացումը», Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) ֆինանսավորմամբ
  • «Բարձր լեռնային լճերը որպես լոկալ միջավայրի կարևոր բաղկացուցիչ, մարդածին և բնական ազդեցություններ», Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) ֆինանսավորմամբ
  • «Սեյսմիկ ցանցի ընդարձակում Կովկասում և Կենտրոնական Ասիայում», Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) ֆինանսավորմամբ
  • «Երկրաջերմային էներգետիկ ռեսուրսների և բնական վտանգների գնահատումը Հայաստանում», ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ: 

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում պետական-նպատակային ծրագրի շրջանակներում հիմնավորվել են Հայաստանում առաջին «Գեոպարկ»-ի ստեղծման նախադրյալները: Առաջարկվող երկրաբանական վտանգների հայկական «Գեոպարկ»-ը կներառի 26 երկրատեղանքներ, որոնք կենտրոնացած են համեմատաբար սահմանափակ 4.573 կմ2 տարածքում, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության 15.3% -ին:

Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

  • «Սեյսմակայուն շինարարության նորմերում ու կանոններում հաշվարկային սխեմաների փոփոխման անհրաժեշտության մասին», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ս. Մ. Հովհաննիսյան
  • «Հակաացետիլխոլինէսթերազային ակտիվությամբ օժտված քիմիական միացությունների սինթեզը և նրանց կանխարգելիչ ազդեցության  ուսումնասիրումն Ալցհեյմերի հիվանդության փորձարարական մոդելի վրա», զեկուցող՝ կ.գ.թ. Հ. Գասպարյան
  • «Նոր տվյալներ Հայաստանի մետաղային հանքավայրերի վերաբերյալ», զեկուցող՝ ե.գ.թ. Ս. Հովակիմյան
  • «Բարձր էնտրոպիական նյութեր․ լուծույթների այրման սինթեզի եղանակով ստացում և կայծապլազմային եռակալում», զեկուցող՝ ք.գ.թ. Ս. Այդինյան 
  • «Սերպենտիններից կորզված հիդրոսիլիկաժելի կիրառումը մի շարք գործնական նշանակություն ունեցող սիլիկատային միացությունների ստացման համար», զեկուցող՝ տ.գ.թ. Ա. Մ. Թերզյան:

ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ստացված գիտական և կիրառական արդյունքներն առանձին հրապարակումներով կներկայացվեն ՀՀ ԳԱԱ պաշտոնական կայքում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
28.04.2022թ.