ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոն և «Environmental Control Center Co» ճապոնական առաջատար բազային ընկերությունը կհամագործակցեն շրջակա միջավայրի պաշտպանության գործում: Համագործակցության համաձայնությունը ձեռք է բերվել ապրիլի 10-ին տեղի ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ: Մեկ ամսվա ընթացքում կմշակվի և կձևավորվի երկու կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմատիկային նվիրված նախագիծ` նպատակաուղղված ճապոնական առաջավոր փորձի` Հայաստանի էկոհամակարգի պահպանության գործընթացում ներդրմանը։
Ճապոնական «Environmental Control Center Co» ընկերությունը մասնագիտացված է հողի, ջրի, օդային ավազանի մշտադիտարկումների և հետազոտությունների իրականացման գործում։
Տեսակոնֆերանսի ժամանակ մասնավորապես քննարկվել է շրջակա միջավայրի պաշտպանությունը սնդիկի և նրա միացությունների անտրոպոգեն արտանետումներից Սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիայի շրջանակներում:
«Environmental Control Center Co» ընկերության հետ քննարկմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության, ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ։
14.04.2017թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն