Նորություններ
12/04/2022
«Մարաղա 30․ չպատժված և շարունակվող ցեղասպանություն». գիտաժողով ՀՀ ԳԱԱ-ում

Ս.թ. ապրիլի 11-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Մարաղա 30․ չպատժված և շարունակվող ցեղասպանություն» գիտակագործնական գիտաժողովը՝ նվիրված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում Մարաղա գյուղի խաղաղ հայ բնակչության ցեղասպանական գործողության 30-րդ տարելիցին և թուրքադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականությանը:

Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն և «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ն:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին. «Սա պատմություն է, որը մենք պետք է հիշենք: Սա եղել է ցեղասպանական շարքերի սկիզբը, որն իրականացվել է Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ: Պատմաբանների գործն է, մեր բոլորիս գործն է, որ սա մնա պատմության մեջ որպես հիշողություն, սերունդները հիշեն այս մասին»:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշեց. «Ցեղասպանությունը տեղի է ունեցել ամբողջ Հայաստանում: Այն իրականացվել է ոչ միայն Օսմանյան Թուրքիայի ղեկավարության կողմից, այլ նաև երիտթուրքերի և Թուրքիայի կողմից ստեղծված Ադրբեջանի կողմից»:

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն ասաց.  «Այն, ինչ տեղի է ունեցել 30 տարի առաջ, ամբողջ ցեղասպանական քաղաքականության շղթայի մեկ օղակն էր: Ցեղասպան քաղաքականությունն ուղղակիորեն Օսմանյան կայսրությունից անցավ Ադրբեջանի առաջին Հանրապետությանը, խորհրդային տարիներին ունեցավ իր այլ դրսևորումները, իսկ երրորդ Հանրապետության ժամանակ տեսանք Ադրբեջանի կողմից ինչպիսի դրսևորումներ եղան 1991-1994թթ-ին, 2016թ-ի ապրիլին և 2020թ-ին: Մարաղայի ցեղասպանությունը մնացել է ստվերի տակ: Դա ռազմական հանցագործության օրինակ էր խաղաղ բնակչության նկատմամբ: Այս գիտաժողովը կլինի ևս մեկ խթան ավելի խորությամբ այն ուսումնասիրելու և ջրի երես հանելու այն ամբողջ ցեղասպան քաղաքականությունը, որն Ադրբեջանը ժառանգել է Օսմանյան Թուրքիայից և այսօր շարունակում է»:

Գիտաժողովի ժամանակ քննարկվեցին Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները, հայերի ցեղասպանության շարունակությունը և թուրքադրբեջանական իշխանությունների պատասխանատվությունը, հետպատերազմական իրավիճակում հայտնված հայության և հայկական համայնքների հիմնախնդիրները: Ցուցադրվեց «Մարաղա 1992` 20-րդ դարավերջի Գողգոթա» ֆիլմը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
12.04.2022թ.