Նորություններ
16/11/2021
Միջազգային գիտաժողով ՀՀ ԳԱԱ-ում՝ նվիրված «Կովկասի հայոց բարեգործական ընկերության» հիմնադրման 140-ամյակին

   Ս.թ. նոյեմբերի 16-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում տեղի ունեցավ «Բարեգործությունը հայոց մեջ» միջազգային գիտաժողովը՝ նվիրված «Կովկասի հայոց բարեգործական ընկերության» հիմնադրման 140-ամյակին:
   Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը: Շեշտելով հայ ժողովրդի համար դժվարին ժամանակներում բարեգործական գործունեության կարևորությունը՝ Յուրի Սուվարյանն ասաց. «Հայոց բարեգործական սովորույթը վաղուց է արմատավորվել և առաջին հերթին այն պատճառով, որ մենք չենք ունեցել պետականություն: Հայ մտավորականության, հայ մշակույթի զարգացման գործը առաջ է մղվել բարեգործության արդյունքում: 140 տարի առաջ Թիֆլիսում ստեղծվեց Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը, և դա պատահական չէր, որովհետև այդ ժամանակ Թիֆլիսում բնակչության 70 տոկոսը հայեր էին: Հայոց առաջին բարեգործական ընկերության ակունքներում կանգնած են եղել մեր շատ ականավոր գործիչներ, որոնք ուղղորդել են բարեգործական ընկերության գործունեությունը: Ընկերությունը գործել է մինչև 1921թ-ը: Այդ ժամանակ ընկերության ամբողջ գույքը վարչության որոշմամբ հանձնվեց նորաստեղծ Հայաստանի կառավարությանը: 
   Բարեգործական այդ գործունեությունը միայն պատմական փաստ չէ, այն նաև դաս է այսօրվա սերնդին՝ իմանալու համար, որ առաջին հերթին պետությունը պետք է զբաղվի մշակութային, գիտական գործունեության հովանավորմամբ, մարդկանց սոցիալական խնդիրների լուծմամբ: Սա պետք է դաստիարակի վարքագիծ բոլոր ապրող մարդկանց մոտ մշակույթի, գիտության նկատմամբ, վարքագիծ, որը կարող է նպաստել այդ ոլորտների զարգացմանը», - ասաց Յուրի Սուվարյանը:

   ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը նշեց, որ առանց բարեգործության, հատկապես 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին տասնամյակներին, երբ վայրիվերումների դաժան դարաշրջան էր, հայ ժողովուրդը շատ ավելի մեծ կորուստներ էր ունենալու: «Բազմաթիվ անգամներ տեղի են ունեցել սովահարություններ Հայաստանի տարբեր շրջաններում, երբ չկար պետականություն: Հայ ժողովրդի օժանդակության ծանրագույն բեռը իր վրա էր փորձում վերցնել Հայաստանյաց առաքելական եկեղեցին: 1889թ-ին տեղի ունեցավ Վանի հայտնի սովը, որը, իմ խորին համոզմամբ, արագորեն խթանեց բարեգործության գործընթացը մեզանում», - ասաց Աշոտ Մելքոնյանը: Ըստ նրա՝ բարեգործական կազմակերպությունների առանձնահատկությունը նրանում էր, որ զուգահեռ դրանք զբաղվում էին նաև քաղաքական գործունեությամբ: 
   ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն էլ նշեց. «Որքան էլ բարեգործությունը վեհ հասկացություն է, մաղթենք, որ մեր երկիրը հասնի այն մակարդակի, երբ հնարավորինս կնվազեցվի բարեգործությունը, և այն կմնա որպես մարդկային գթասիրության օրինակ»: 
   Գիտաժողովի ընթացքում նախատեսվում են երկու տասնյակից ավելի զեկուցումներ՝ նվիրված տարբեր ժամանակներում և տարբեր բնակավայրերում հայության բարեգործական գործունեության հոգևոր և բարոյական հիմունքներին, կրթական և մարդասիրական ընկերությունների գործունեությանը, հայ անվանի գործիչների մասնակցությանը բարեգործության կազմակերպմանը, արևմտահայ գաղթականությանը, որբախնամ գործունեության պատմությանը Առաջին աշխարհամարտի տարիներին:
   Զեկուցումները կներկայացնեն ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի, Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկի պետական համալսարանի և Սարատովի պետական համալսարանի գիտաշխատողները:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   16.11.2021թ.