Նորություններ
02/11/2021
Ինստիտուտների օպտիմալացումը կրճատումներ չի ենթադրելու

   Գիտությունների ազգային ակադեմիան նախաձեռնել է գիտական համակարգի բարեփոխումներ՝ միաժամանակ օպտիմալացնելով ԳԱԱ մի շարք ինստիտուտներ։ 2022 թ․ հունվարից էլ նախատեսվում է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացում, ինչը որքան աշխուժացրել, նույնքան էլ մտահոգել է գիտական համայնքին․ մի կողմից՝ աշխատավարձերի բարձրացում, մյուս կողմից՝ ինստիտուտների օպտիմալացում՝ կրճատումների հեռանկարով։ 
   ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումն ինստիտուտների օպտիմալացման հետ կապ չունի․ աշխատավարձերի բարձրացումը տեղի է ունենալու ատեստավորման հիման վրա՝ համաձայն կառավարության որոշման․
«Օպտիմալացումը կրճատումներ չի ենթադրելու։ Մենք օպտիմալացնում ենք, որ գերակա ուղղությունները, ինստիտուտների գործունեությունն օպտիմալացնենք, որը կրճատումներ չի նախատեսում։ Դա կարող է բերել տարբեր հիմնարկների վերամիավորման, բայց ո՛չ կրճատման, այն էլ՝ ոչ բոլոր դեպքերում։ Ամեն դեպքում, աշխատավարձի բարձրացումը կրճատումների հաշվին չի կատարվում։ Աշխատավարձերի բարձրացման համար կառավարությունը լրացուցիչ գումարներ է հատկացրել, իսկ օպտիմալացումը նախատեսվում է կատարել ոչ թե 22 թվականին, այլ՝ 5 տարվա մեջ։ Հիմա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, դրա նպատակը գիտական, գերակա ուղղությունների ներքո ինստիտուտների գործունեության օպտիմալացումն է, որոշ ինստիտուտների միավորումը, որոշները կմնան նույն՝ իրենց ձեւի մեջ, բայց կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ որոշ ինստիտուտներ էլ բաժանվեն։ Այսինքն՝ դա այսօրվա գիտության, գիտական տեխնոլոգիաների, գիտատեխնիկական առաջընթացի պահանջին համահունչ՝ ակադեմիական հիմնարկների մեջ իրականացվող բարեփոխումներ են, որը, էլի եմ նշում, ոչ մի կապ չունի կրճատումների հետ։ Բայց, իհարկե, եթե կրճատման ենթակա մարդիկ լինեն, կկրճատվեն, բայց դա՝ ոչ թե օպտիմալացման, այլ ատեստավորման արդյունքում»։
Թե ատեստավորման արդյունքում այդ բարձր աշխատավարձն ինչքան կկազմի, ԳԱԱ նախագահն ասաց․ «Օրինակ՝ առաջատար գլխավոր գիտաշխատողը, որի աշխատավարձը եղել է 150-160 հազարի կարգի, այժմ ստանալու է 360 հազարի կարգի, առաջատար գիտաշխատողը, որ ստացել է 130 հազար, հիմա ստանալու է մոտավորապես 280 հազարի չափ»։
   Բարեփոխումները հենց ակադեմիա՞ն է նախաձեռնել։ «Հիմա մենք նախաձեռնում ենք հենց ակադեմիայի ներսում, որը համաձայնեցված է Գիտության պետական կոմիտեի հետ։ Հետագայում այդ բարեփոխումների՝ օպտիմալացված կենտրոնների հենքի վրա պետք է ստեղծվեն համագործակցային ցանցեր, այսինքն՝ դրանց կարող են միանալ կրթական կառույցներ, տարբեր բուհերի մասնագիտական ֆակուլտետները, կարող են միանալ նաեւ մասնավոր բիզնեսի ներկայացուցիչները՝ արդյունաբերական բաղադրիչը։
Այսինքն՝ մեր նպատակն այն է, որ դրա արդյունքում ունենանք մի համակարգ, որի արդյունքում էլ կրթությունը, գիտությունը, արդյունաբերությունն իրար հետ փոխկապակցված աշխատեն»,- ասում է ակադեմիայի նախագահն ու համոզմունք հայտնում, որ այդ գաղափարը կարող է աշխատել եւ զարգացնել տնտեսությունը, ինչն էլ իր հերթին կբերի գիտական հենքի ստեղծման։
   «Բոլոր երկրներում այդպես է՝ արդյունաբերությունը պատվեր է իջեցնում գիտությանը, կրթությանը։ Գիտությունը ծառայում է արդյունաբերությանը, իսկ կրթությունը կադրեր է պատրաստում ինչպես գիտության, այնպես էլ արդյունաբերության համար։ Մեր վերջնական նպատակը սա է լինելու»,- ասում է ԳԱԱ նախագահն ու նկատում, որ դեռ պարզ չեն օպտիմալացման ժամկետները։ Մինչեւ տարվա վերջ գնալու են ինստիտուտներ, հետո բարեփոխումների ռազմավարական ծրագիր են ներկայացնելու կառավարություն, որը հաստատելուց հետո նոր կսկսեն գործընթացը, ինչը, ընդհանուր առմամբ, 5 տարվա ծրագիր է լինելու՝ համաձայնեցված Գիտպետկոմի հետ։
Աշոտ Սաղյանի համար եւս պարզ չէ, թե որ ինստիտուտները կմիավորվեն, որովհետեւ մոնիթորինգ են անելու․ «Մոնիթորինգի արդյունքում որոշակի գաղափարներ կառաջանան, որոնք կքննարկենք կոլեկտիվների հետ, եւ առանց կոլեկտիվների կարծիքը հաշվի առնելու որեւէ բան իրենց դեմ չի կատարվելու։ Նաեւ կփորձենք որոշակի օպտիմալացում կատարել, որովհետեւ դա էլ է անհրաժեշտ, եւ բարեփոխումներ պետք են։ Այսօր դա նաեւ միջազգային շուկան է պահանջում»։
   Ինչ վերաբերում է գիտական առաջնահերթություններին․ «Մենք միաժամանակ այդ ռազմավարական ծրագրի մեջ կներկայացնենք նաեւ այն գերակա ուղղությունները, որոնք պետք է հաստատվեն կառավարության կողմից, եւ որոնց ներքո պետք է տեղի ունենան գլոբալ փոփոխություններ։ Այսօր այն, ինչ հաստատված է, ինչքանով տեղյակ եմ, նախկինում հաստատված ծրագիր է, որն այնքան էլ համահունչ չէ։ Իսկ գերակա ուղղությունները քիչ պետք է լինեն՝ մոտավորապես 4-5 ուղղություն, որ այսօր անհրաժեշտ են մեր պետությանը, տնտեսությանը, ռազմարդյունաբերությանը»։
   Լաբորատորիաների, սարքավորումների վերազինման համար եւս գումարներ են պետք, որ ուղղությամբ աշխատում են Գիտպետկոմի, կառավարության, նախարարության հետ․ «Մենք դա չենք անում ինքնանպատակ, այլ անում ենք բովանդակային, եւ այդ ստեղծված կենտրոնները, վերջիվերջո, պետք է դառնան հզոր միջազգային ստանդարտներին համահունչ կենտրոններ, հակառակ դեպքում դա անիմաստ գործ կլինի։ Այս գործում մեզ պետք է կառավարության մեծ աջակցությունը, որովհետեւ կապված է ֆինանսական մեծ ներդրումների հետ»։
Կառավարության հատկացրած գումարները բավարա՞ր են գիտության զարգացման համար։ «Այս տարի բավականին մեծ քայլ արվեց, որովհետեւ վերջին տարիներին ոչ մի անգամ գիտաշխատողի աշխատավարձն այդքան չէր բարձրացել։ Նոր տարուց եւ ատեստավորումից հետո գրեթե 2 անգամ բարձրանալու է գիտնականների աշխատավարձը, իսկ, ընդհանուր առմամբ, հիմնարկների ֆինանսավորումը՝ մոտավորապես 80-87 տոկոսով։ Բայց այստեղ մեծ խնդիր կա․ գիտաշխատողի աշխատավարձը բարձրացնում ենք, բայց օժանդակ ծառայությունները մնում են դեռ չլուծված։ Առանց այդ էլ մեր ինստիտուտներում աշխատավարձ եւ այլ ծախսեր հարաբերակցությունը միշտ եղել է 75/25-ի կարգի, որը ճիշտ չէ, եւ 25 տոկոսով չես կարող հիմնարկն այնպես պահել, որ գիտաշխատողներն աշխատեն,- ասում է ակադեմիայի ղեկավարն ու հավելում, որ այդ մասին խոսել են Գիտպետկոմի հետ, եւ մյուս տարվանից նախատեսված է, որ այլ ծախսերի մասով եւս համարժեք բարձրացում կատարվի։- Որովհետեւ գիտությամբ զբաղվելը միայն աշխատավարձ ստանալը չէ, դա գիտական գործ անելն է, իսկ դրա համար պետք են նյութեր, սարքավորումնր, համապատասխան պայմաններ»։
   Թե սերնդափոխության հարցը ԳԱԱ ինստիտուտներում որքանով է սուր դրված, նախագահն ասում է, որ դա ամենակարեւոր խնդիրն է, որը պետք է կատարվի ոչ միայն ինստիտուտներում, այլեւ նախագահությունում։ «Այս տարի նախագահությունում որոշակի փոփոխություններ կլինեն, որոշակի կրճատումներ, առանց դրա չի լինի։ Կան ինստիտուտներ, որտեղ բավականին լավ է սերնդափոխությունը կատարված, կան ինստիտուտներ, որտեղ շատ վատ է վիճակը, երիտասարդներ քիչ կան։ Սերնդափոխություն՝ չի նշանակում երիտասարդներին ընդունել աշխտանքի, այլ ընդունելուց հետո այնպիսի պայմաններ ստեղծել, որ նրանք դառնան փոխարինողներ, պետք է երիտասարդների հետ աշխատել, որպեսզի նրանք, բացի գիտնական դառնալուց, սովորեն նաեւ մենեջմենթ, գիտությունը ղեկավարել, կազմակերպել։ Դրանք գործեր են, որ պետք է կատարենք»։ ԳԱԱ նախագահը ցավով նկատում է, որ շատ քիչ երիտասարդներ կան, որոնք ուզում են զբաղվել գիտությամբ։

Սկզբնաղբյուր՝ hraparak.am