| ||||||||
Ս.թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «Գենետիկա XXI» կլոր սեղանը, որը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ-ն և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը՝ Ռուսաստանի Դաշնության «Գիտության և տեխնոլոգիայի տարի-2021»-ի շրջանակներում: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: «Գիտության մեջ այսօր ակտուալ են այն ուղղությունները, որոնք կապված են կենսաբազմազանության ուսումնասիրության և պահպանման, կենսաիմունոտեխնոլոգիայի հետ, որոնց զարգացման կարևորագույն բաղադրիչներն են գենետիկական հետազոտությունները: Դրանք Հայաստանում բավական հաջողությամբ իրականացվում են, այդ թվում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում: Այսօր աշխարհում տեղի են ունենում շատ բարդ և վտանգավոր գործընթացներ, մարդկությունը կանգնում է բարդ մարտահրավերների առջև: Անգամ շատ հարուստ ռեսուրսներ ունեցող երկրները միայնակ չեն կարող կանխել այդ մարտահրավերները: Անհրաժեշտ է համագործակցություն, գիտական ներուժի ու ջանքերի միավորում», - ասաց Աշոտ Սաղյանը: Նա նշեց, որ համագործակցության անհրաժեշտության մասին շեշտվել է վերջերս Մինսկում անցկացված ԱՊՀ պետությունների համագործակցության 30 ամյակին նվիրված գիտաժողովի ժամանակ և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգևի հետ հանդիպման ժամանակ: «Հայկական և ռուսական գիտությունները սերտորեն կապված են, և մենք պետք է շարունակենք պահպանել և զարգացնել այդ կապերը», - ասաց ակադեմիկոս Սաղյանը: Իր ողջույնի խոսքում Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության տնօրեն Վադիմ Ֆեֆիլովն ասաց. «Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում: Շատ կարևոր է մեր հանդիպման թեման, որը կապված է ամենակարևոր և ակտուալ գիտություններից մեկի՝ գենետիկայի հետ, հատկապես հիմա, երբ Ռուսաստանում հայտարարված է գիտության և տեխնոլոգիայի տարի: Գենետիկայի հարցերը հուզում են բոլորիս, և մենք բաց ենք ձեր առաջարկությունների համար՝ կապված համատեղ այցերի, հանդիպումների և քննարկումների հետ»: Կլոր սեղանին մասնակից ռուս և հայ գիտնականները ներկայացրեցին իրենց գիտական զեկույցները: ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԵՊՀ-ի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը ներկայացրեց «էկոգենետիկ ուսումնասիրությունները Հայաստանում» զեկույցը, որի նպատակն է Հայաստանում ջրի և հողի գենոտոքսիկ աղտոտման փորձարկման մեթոդների մշակումը` կենսաինդիկատոր օրգանիզմների միջոցով: Կլոր սեղանի անցկացմանն աջակցեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեն և ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետը: |