Նորություններ
17/09/2021
«Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» գիտաժողովը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում

    Ս.թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում շարունակվեց եռօրյա գիտաժողովը՝ նվիրված «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» թեմային:

    Գիտաժողովը համատեղ կազմակերպել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը, Երևանի պետական համալսարանի և Հայագիտական ուսմանց ընկերակցությունը: 

    Այսօր քննարկվեց «Հայրենազրկում և պահանջատիրություն. պատմաիրավական գնահատականներ» թեման՝ Հայոց ցեղասպանության խնդիրը ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում, հայատյացությունը և ժխտողականությունը Թուրքիայում և Ադրբեջանում, Թուրքիայի ռազմական միջամտությանը 2020 թ-ի Արցախյան պատերազմին, սփյուռքահայության  գործունեությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնահարցում և այլ հարցեր: 

    ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը նշեց, որ առաջին անգամ արևմտահայության ցեղասպանության և Արցախի խնդիրները զուգահեռաբար քննարկվեցին մեկ գիտաժողովի շրջանակներում: «Արցախյան վերջին պատերազմը և Արցախի ներկայիս վիճակը ցույց տվեցին, որ Հայոց ցեղասպանության խնդիրը միայն արևմտահայության խնդիր չէ: Այն Արցախի հայության և Հայաստանի Հանրապետության արևելյան բնակավայրերի բնակչությանը վերաբերող և նրա գլխին որպես վտանգ կախված իրողություն է: Մենք խորապես համոզված ենք, որ եթե չլիներ ռուս խաղաղապահների հարցը օրակարգում, այս ամբողջը կարող էր արևելահայության համար ավարտվել նոր ցեղասպանությամբ: Խոսելով ցեղասպանության մասին, խոսում էինք Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին, աշխարհին հիշեցնում, որ մենք կրկին գործ ունենք նույն ցեղասպան Թուրքիայի և նրա աշակերտը հանդիսացող Ադրբեջանի հետ», - վստահ է Աշոտ Մելքոնյանը: 

    Հիշեցնենք, որ գիտաժողովը մեկնարկել էր սեպտեմբերի 16-ին՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ մասնակիցները ծանոթացան «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի և Հայաստանի ազգային արխիվի համատեղ կազմակերպած «Հայոց պահանջատիրության հետքերով. հայերի մասնավոր և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը:

    Գիտաժողովը կշարունակվի սեպտեմբերի 18-ին՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում, որտեղ տեղի կունենան կլոր սեղաններ՝ «Ադրբեջանական իշխանությունների հայատյացության և ցեղասպան քաղաքականությունը ադրբեջանահայության և արցախահայության նկատմամբ», «Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը միջգիտակարգային տիրույթում», «Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման գործընթաց. ձեռքբերումներ, խնդիրներ, սպասելիքներ», «Ցեղասպանության քաղաքականության դրսևորումները երկրորդ արցախյան պատերազմի ժամանակ» թեմաներով:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
17.09.2021թ.