Նորություններ
22/03/2017
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը

ՀՀ ԳԱԱ նախագահությունը մարտի 22-ի նիստում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանին: 
Ռուբեն Սաֆրաստյանը ծնվել է 1955թ-ին` Երևանում: 2014թ-ին նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

Ռուբեն Սաֆրաստյանի հետազոտությունների բնագավառն ընդգրկում է Թուրքիայի նոր և նորագույն պատմությունը, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, տարածաշրջանային խնդիրները, ցեղասպանագիտությունը: Նրա հիմնական գիտական արդյունքները վերաբերում են թուրքական գաղափարաքաղաքական հոսանքների ուսումնասիրմանը, ցեղասպանության տեսական հետազոտությանը:
Ռուբեն Սաֆրաստյանը 5 մենագրությունների, 111 հոդվածների հեղինակ է, որոնցից 9-ը հրապարակվել են արտասահմանյան հանդեսներում: Ռուբեն Սաֆրաստյանը արժանացել է Մովսես Խորենացի, Գարեգին Նժդեհ մեդալների, ՀՀ Ազգային Ժողովի պատվոգրի: Նա 14 թեկնածուական ատենախոսության ղեկավար է: 

20170322-2.jpg
Ռուբեն Սաֆրաստյանը հաղթել է Հումբոլդտի անվան (Գերմանիա, 1999), Ֆուլբրայթի անվան (ԱՄՆ, 2001), Միջազգային քաղաքականության ուսումնասիրման (Հունգարիա, 2003) մրցույթներում: Նա “Asiatiсa: Труды по философии и культурам Востока”, "Россия и новые государства Евразии", Sociology and Anthropology: International Peer-Reviewed Journal” միջազգային գիտական պարբերականների խմբագրական խորհուրդների անդամ է, հիմնադրել է «Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ», «ժամանակակից Եվրազիա» գիտական պարբերականները:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
22.03.2017թ.