Նորություններ
29/06/2021
ՀՀ ԳԱԱ նախագահության ընտրությունների արդյունքների ամփոփում

    Սույն թվականի հունիսի 28-ին և 29-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ընդհանուր ժողովն ընտրեց ՀՀ ԳԱԱ նախագահ, փոխնախագահ, ակադեմիկոս-քարտուղար, բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարներ և նախագահության անդամներ:
    ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում ընտրվեց ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:
    Աշոտ Սաղյանը ծնվել է 1957թ-ին՝ ԼՂՀ Մարդակերտի շրջանի Չափար գյուղում: 1978 թ-ին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետը: 1980-1984 թթ-ին սովորել է ԽՍՀՄ ԳԱ Ա.Նեսմեյանովի անվան էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտի նպատակային ասպիրանտուրայում:
    Աշոտ Սաղյանն իր թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1985 թ-ին, դոկտորականը՝ 1996 թ-ին: 2006 թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,  2010 թ-ին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: Նրա գիտական գործունեության բնագավառներն են ստերեոսելեկտիվ կատալիզը, ամինաթթուների ասիմետրիկ բիոմիմետիկ սինթեզը, կենսաբանորեն ակտիվ միացությունների անջատումը և մաքրումը: Աշոտ Սաղյանը շուրջ  350 գիտական հոդվածի, 2 դասագրքի, 2 մենագրության հեղինակ է:
    Աշոտ Սաղյանն աշխատել է ԽՍՀՄ Բժշկական և մանրէաբանական արդյունաբերության նախարարության Գենետիկայի և սելեկցիայի համամիութենական ինստիտուտի Չարենցավանի մասնաճյուղում, այնուհետև՝ Ամինաթթուների գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտում, որը ԽՍՀՄ փլուզումից հետո վերանվանվել է «Կենսատեխնոլոգիայի ԳՀԻ» ՓԲԸ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում: 2000թ-ին նշանակվել է ինստիտուտի տնօրեն: 2010 թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ  «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն: Աշոտ Սաղյանը 1998 թ-ից աշխատում է նաև Երևանի պետական համալսարանում՝ սկզբում որպես դեղագործական քիմիայի ամբիոնի դոցենտ, այնուհետև՝ պրոֆեսոր, իսկ 2003 թ-ից՝ ամբիոնի վարիչ:  2016 թ-ին դեղագործական քիմիայի ամբիոնի հենքի վրա ստեղծվել է ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտ, որի տնօրենն է նշանակվել Աշոտ Սաղյանը:
    Նա 18 թեկնածուական և 3 դոկտորական ատենախոսությունների գիտական ղեկավար է:
    2001 թ.  Աշոտ Սաղյանն արժանացել է Եվրամիության «Դեկարտի» անվան  մրցանակի: 2002թ. պարգևատրվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության  Կառավարական «Բարեկամություն» շքանշանով: 2004 և 2011 թթ-ին արժանացել է ՀՀ  նախագահի մրցանակների,  2009 թ-ին՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի: 2014 թ-ին ստացել է գիտության վաստակավոր գործչի կոչում: 2015թ-ին արժանացել է ՀՀ պետական մրցանակի:

    Իր ելույթում ՀՀ ԳԱԱ նորընտիր նախագահը խոսեց առաջիկա անելիքների մասին՝ մասնավորապես նշելով ՀՀ ԳԱԱ-ի համակարգի գիտահետազոտական ուղղությունների և մարդկային  ներուժի օպտիմալացման, ռազմատեխնիկական ոլորտում գիտահետազոտական գործունեության արդիականացման, կիրառական բնույթի հետազոտությունների, համակարգի աշխատակիցների սոցիալական հարցերի հնարավոր լուծումների, միջազգային համագործակցության ընդլայնման, հայագիտության զարգացման խթանման, բուհական համակարգի հետ համագործակցության ընդլայնման, ԳԱԱ համակարգի ներուժի երիտասարդացման մասին:


    ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը: Նա ծնվել է 1947թ-ին՝ Երևանում: 1970թ-ին ավարտել է ԵՊՀ-ի Ֆիզիկայի ֆակուլտետը, մասնագիտացումը՝ պլազմայի ֆիզիկա: 1977թ-ին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան, 1997թ-ին՝ դոկտորի: 2010թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:
    Հրանտ Մաթևոսյանը 2011-2021թթ. եղել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար,  2011 թ-ից՝ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ Գիտության Զարգացման Հիմնադրամի տնօրեն, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի տեսական ֆիզիկայի բաժնի վարիչ:
    ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում ընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը: Նա ծնվել է 1960թ-ին՝ ԼՂՀ Շոշ գյուղում:  1983թ.  ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը:  2004թ-ին ստացել է  Ֆիզիկամաթեմատիկական դոկտորի կոչում: 2006թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:
    Արթուր Իշխանյանի գիտական գործունեության բնագավառն է՝ ատոմական, մոլեկուլային և օպտիկական ֆիզիկա, մակերևութային ֆիզիկա, քվանտային սակավավիճակ համակարգեր, գերսառը ֆոտո- և մագնիսաասոցիացիա, ոչռելյատիվիստական և ռելյատիվիստական ալիքային հավասարումներ, ոչգծային ֆիզիկա, մաթեմատիկական ֆիզիկա, Հոյնի ֆունկցիաների տեսություն:
    1994-2005թթ. Արթուր Իշխանյանը եղել է ՀՀ ԳԱԱ «Մաշտոց» ճարտարագիտական կենտրոնի գիտքարտուղար, 2005-2006թթ.՝ ՀՀ ԳԱԱ «Մաշտոց» ճարտարագիտական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար: Նա 2007 թ-ից ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի «Նյութական ալիքների ֆիզիկայի» լաբորատորիայի վարիչն է:
    2015թ-ին Արթուր Իշխանյանն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի:
    ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը: ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը: ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը: ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը: ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս  Յուրի Սուվարյանը:
     ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ ընտրվեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Ռադիկ Մարտիրոսյանը, Աշոտ Մելքոնյանը, Գեղամ Գևորգյանը, Գագիկ Ղազինյանը, Գևորգ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Արսեն Հախումյանը, Վազգեն Մելիքյանը:
    ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի առաջարկությամբ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը դարձավ ՀՀ ԳԱԱ նախագահի գլխավոր խորհրդական, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը՝ ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական:

    ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
    28.06.2021թ.