Նորություններ
07/06/2021
Երևանի բուսաբանական այգում բացվեց Էկոէպիկենտրոն

   Սույն թվականի հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում բացվեց Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոնը՝ Էկոէպիկենտրոնը:
   ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը շնորհավորեց բոլորին էկոէպիկենտրոնի բացման առթիվ և նշեց, որ Բուսաբանության ինստիտուտում սկսվում է զարգացման նոր շրջափուլ: Նա կարևորեց էկոէպիկենտրոնի դերը նոր սերունդների կրթության և դաստիարակության հարցում՝ շնորհակալություն հայտնելով Բուսաբանության ինստիտուտի աշխատակիցներին, բարերարներին, միջազգային կառույցներին, որոնք մեծ ներդրում են ունեցել Բուսաբանության ինստիտուտի և Երևանի բուսաբանական այգու՝ որպես ինստիտուտի անբաժանելի մասի պահպանման ու զարգացման մեջ:
   Էկոէպիկենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆը, Բնության Համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն Անահիտ Ղուկասյանը:
   Միջոցառմանը մասնակցեցին բնապահպաններ, գիտական հանրության, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, Երևանի բուսաբանական այգու այցելուներ: Նրանք ծանոթացան նորաբաց կենտրոնի ինտերակտիվ ցուցահանդեսի ցուցանմուշներին, կենդանի բույսերի հավաքածուին՝ կենսատոպերին, որոնք ներկայացնում են Հայաստանի հարուստ բուսական աշխարհը։ Էկոէպիկենտրոնի աշխատակիցները ներկայացրեցին կենտրոնի առջև դրված հիմնական նպատակները՝ կենսաբազմազանության վերաբերյալ ուսուցում և հանրության տեղեկացվածության բարձրացում ցուցահանդեսների, էքսկուրսիաների, դասընթացների և դասախոսությունների կազմակերպման և կամավորների ներգրավման, ինչպես նաև համախոհ անհատների և կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով, ինչպես նաև Հայաստանի ֆլորայի տեսակների ex situ պահպանություն և ուսումնասիրություն:
   Էկոէպիկենտրոնը ստեղծվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսական աջակցությամբ, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF-Հայաստան) համագործակցության շնորհիվ: Ցուցահանդեսի բովանդակությունը և դիզայնը մշակվել են Բուսաբանության ինստիտուտի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետազոտողների կողմից՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից ֆինանսավորվող «Շրջակա միջավայր» ծրագրի միջոցով: Շենքի վերանորոգումն ու կահավորումն իրականացրել է Բնության Համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջոցով՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից ֆինանսավորվող Անդրսահմանային միացյալ քարտուղարության (TJS) ծրագրի շրջանակներում:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   07.06.2021թ.