Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը և բնական գիտությունների բաժանմունքը խորապես վշտացած են ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, վաստակաշատ գիտնական Ժան Իշխանի Հակոբյանի մահվան կապակցությամբ:
Նրա աշխատանքային գործունեության մեծ մասը կապված է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ, որի տնօրենն է եղել երկար տարիներ՝ համատեղելով Մոլեկուլային էնզիմաբանության լաբորատորիայի վարիչի պաշտոնի հետ: Աշխատել է ՍՍՀՄ ԳԱ Կենսաբանական և բժշկական քիմիայի ինստիտուտում, Լոնդոնի Շառլոտա թագուհու հոսպիտալում: Երկար տարիներ ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնը և ՀՀ մանրէաբանության ինստիտուտը, հանդիսացել է §Հայկենսատեխնոլոգիա¦ ԳԱԿ-ի խորհրդական: Մեծ է նրա ավանդը էներգետիկ մեթաբոլիզմի առանցքային ֆերմենտների, տրանսգեն կենդանիների ուսումնասիրությունների, գյուղատնտեսական պատրաստուկների ստեղծման ու դրանց գործնական կիրառման բնագավառներում: Ուշադրության են արժանի նրա կողմից «Իմունոմոդուլյատոր» հակավիրուսային պատրաստուկի մշակման աշխատանքները՝ ամրագրված հեղինակային իրավունքով, արտոնագրերով և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից տրված հավաստագրերով:
Բացի գիտական գործունեությունից, որն արտացոլված է 250-ից ավելի գիտական աշխատանքներում, նա հանդիսանում էր մի շարք գիտական խորհուրդների, ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամ, ղեկավարում էր արտասահմանյան գիտակիրառական մշակումներ, նախագծեր և պայմանագրեր:
Ընտրվել է Հայաստանի ճարտարագիտական, Նյու-Յորքի, Միացյալ Եվրոպական, Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիաների անդամ:
Դասավանդել է Երևանի պետական և Մ. Հերացու անվան պետական բժշկական, Մոսկվայի Պատրիս Լումումբայի համալսարաններում:
Ժ. Հակոբյանի գործունեության վաստակն է կենսատեխնոլոգիայի, մոլեկուլային էնզիմաբանության, կիրառական և տեսական անասնաբուժության բնագավառներում բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստումը: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 21 թեկնածուական ատենախոսություն:
Մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին՝ անդառնալի կորստի համար: ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ Ժան Հակոբյանի պայծառ հիշատակը միշտ կմնա նրա գործընկերների և սաների սրտերում: