64 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի գիտական ղեկավար, պրոֆ. Արմեն Թռչունյանը:
Արմեն Թռչունյանը 1993-2011 թթ. աշխատել է պրոֆեսոր ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնում, հետագայում ստանձնելով ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչի պարտականությունները: 2001-2002թթ. աշխատել է որպես ՀՀ ԿԳՆ գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչության պետ, այնուհետև ստանձնել է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնը (2002-2010թթ.): Վերադառնալով հարազատ համալսարան նա 2011 թվականին ընտրվում է ԵՊՀ մանրէների և բույսերի կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, իսկ 2015 թվականին, ֆակուլտետի երկու ամբիոնների միացման արդյունքում, ընտրվել է կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի միացյալ ամբիոնի վարիչ։
Ա.Թռչունյանը 2015թ.-ից զբաղեցրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաբանության գ/հ ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի գիտական լաբորատորիայի ղեկավարի պաշտոնը: Անգնահատելի է Ա.Թռչունյանի ներդրումը լաբորատորիայի գիտական և պրակտիկ գործունեության մեջ: Նա կարողացավ ապահովել լաբորատորիայի աշխատանքն ամուր վարչարարական սկզբունքներով, զարգացրեց լաբորատորիայի գիտական գործունեությունը միջազգային մակարդակի ամենաարդիական ուղղություններով, լիովին վերակառուցեց ամբիոնը և լաբորատորիան, հագեցրեց ժամանակակից սարքավորումներով: Իր անսպառ կազմակերպչական էներգիայի և աշխատասիրության շնորհիվ Ա.Թռչունյանը թողել է հսկայական գիտական ժառանգություն՝ մեծաքանակ արժեքավոր գիտական աշխատանքների, մենագրությունների և հատկապես մանկավարժական գործունեության արդյունքում պատրաստված կադրերի տեսքով:
Ա.Թռչունյանը 2006 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 2019 թվականին արժանացել ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման: Իր ակտիվ և բեղուն գործունեության արդյունքում արժանացել է ՀՀ ԱԺ և ԳՊԿ հուշամեդալների, մեծաթիվ պարգևների և մրցանակների, անդամակցել է ամբողջ շարք միջազգային ակադեմիաներին և գիտական կազմակերպություններին:
Իր բազմամյա գործունեությամբ Ա.Թռչունյանը խոշոր ներդրում է ունեցել Հայաստանում մանրէաբանության, կենսաքիմիայի, կենսատեխնոլոգիայի և կենսաէներգետիկայի զարգացման մեջ:
ՀՀ ԳԱԱ նախագահությունը, Բնական գիտությունների բաժանմունքը սգում են անվանի գիտնականի և սիրելի ընկերոջ մահը ու խորին ցավակցություն են հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:
Հուղարկավորությունը տեղի կունենա` նոյեմբերի 21-ին ժամը 15:00-ին (“Թոխմախի” քաղաքային պանթեոն, մուտքը՝ գաջի գործարանի կողմից)