Նորություններ
20/08/2020
ՀՀ ԳԱԱ-ն ցավակցական նամակ է հղել Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Բորիս Պատոնի մահվան կապակցությամբ

    Օգոստոսի 19-ին 102 տարեկան հասակում կյանքից հեռացավ Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Բորիս Պատոնը:  Աշխարհահռչակ գիտնականի մահվան կապակցությամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) ցավակցական նամակ է հղել Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությանը: «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ նախագահությունը և Հայաստանի ողջ գիտական հասարակությունը խորապես սգում են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, աշխարհահռչակ գիտնական Բորիս Եվգենիի Պատոնի մահը: Ակադեմիկոս Բորիս Պատոնի գիտական և  գիտակազմակերպական գործունեությունը համաշխարհային ճանաչում է ստացել: Նա զգալի ներդրում ունի մետալուրգիայի զարգացման գործում, նրա անմիջական ղեկավարությամբ իրականացվել են խոշոր ծրագրեր:

20200820_1.jpg
    Հնարավոր չէ գերագնահատել ակադեմիկոս Բորիս Պատոնի մեծ ներդրումը Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի զարգացման մեջ: Նրա հեղինակությունը և ջանքերը որոշիչ դեր խաղացին Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի կայացման և գործունեության ծավալման հարցում՝ ծանրակշիռ ներդրում ունենալով հետխորհրդային տարածաշրջանում գիտության պահպանման և զարգացման գործում:
    Ակադեմիկոս Բորիս Պատոնն անվիճելի ներդրում ունի Ուկրաինայի և Հայաստանի գիտական կոլեկտիվների միջև կապերի ամրապնդման գործում: Երկարամյա ընկերությունը միավորել էր ակադեմիկոս Պատոնին և ՀՀ ԳԱԱ նախագահ  Վիկտոր Համբարձումյանին: 
    Բորիս Պատոնը ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ էր և պարգևատրվել է Հայաստանի ազգային բարձրագույն՝ Անանիա Շիրակացու անվան մեդալով, ով միջնադարյան հայ առաջատար գիտնական էր:
    Հարգելի՛ գործընկերներ, ընդունեք մեր անկեղծ ցավակցությունը: Ակադեմիկոս Բորիս Պատոնի հիշատակը հավերժ կմնա հայ գիտնականների սրտերում և մտքերում»,- նշված է նամակում:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
20.08.2020թ.