Նորություններ
10/08/2020
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Սևրի դաշնագիրը և Հայկական հարցը» գիտաժողովը

   Սույն թվականի օգոստոսի 10-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) անցկացվեց «Սևրի դաշնագիրը և Հայկական հարցը» գիտաժողովը՝ նվիրված Սևրի դաշնագրի 100-ամյակին: Գիտաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը: Գիտաժողովի մասնակիցներին ուղերձ էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ուղերձն ընթերցեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը: «100 տարի առաջ՝ ճիշտ այս օրը, Թուրքիայի սուլթանական կառավարության և Անտանտի երկրների միջև կնքվեց պայմանագիր, որում կար անդրադարձ Հայկական հարցին: Թուրքիան ճանաչում էր Հայաստանի անկախությունը: Ըստ այդ պայմանագրի՝առաջարկում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնին՝ գծելու ապագա անկախ Հայաստանի սահմանները: Այդ սահմանները պետք է անցնեին Էրզրումի, Վանի, Բիթլիսիի, Տրապիզոնի շրջանակներում:   Վուդրո Վիլսոնն ընդունեց սահմանների վերաբերյալ արբիտրաժային վճիռը սակայն բավական ուշ՝ 1920թ-ի նոյեմբերի 22-ին: Հետո Սևրի պայմանագիրը, ըստ էության, չիրականացավ: Բայց մի բան փաստ էր, որ Բագրատունյաց Հայաստանի ցավալի կործանումից 875 տարի հետո, ինչպես նաև Կիլիկյան Հայաստանի թագավորության անկումից 545 տարի հետո միջազգայնորեն ընդունվեց, ճանաչվեց հայ ժողովրդի իրավունքն իր պատմական հողերի վրա՝ Հայկական լեռնաշխարհում վերաստեղծելու անկախ պետությունը: Սա մի երևույթ էր, որն անանց արժեք ունի, որովհետև ճանաչվեց հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքն իր իսկ պատմական տարածքում, և սա շատ հուսադրող փաստ էր Հայկական հարցի լուծման համար, բայց   պայմանագրի դրույթները չիրագործվեցին: Այս խնդիրը միշտ մեր գիտական և պատմագիտական մտքի  կենտրոնում է եղել: Շատ հետազոտություններ, գրքեր և հոդվածներ են նվիրվել այդ խնդրին, և այսօր՝ 100 տարի անց, տարիների հեռվից փորձ է արվում դիտարկելու Սևրի պայմանագրի փիլիսոփայությունը և թե ինչ պատճառներով այն հնարավոր չեղավ իրագործել: Հուսով ենք, որ կստեղծվի պատմական մի իրավիճակ, որ այդ խնդիրն, այնուամենայնիվ, կստանա իր լուծումը: Մեր գիտաժողովի զեկուցումները նվիրված են հենց այդպիսի խնդիրների դիտարկմանը, այն ուղիների նախանշմանն ու բացահայտմանը, որոնք հնարավորություն կտան նախ արժևորել Սևրի պայմանագիրը, խորամուխ լինել նրա էության մեջ և փորձել տեսնել, թե աշխարհաքաղաքական ինչ ռիսկեր կան այսօր, որոնք Սևրի լույսի ներքո կարող են մեր երկրի համար վտանգ սպառնալ և ինչպես դրանք հաղթահարել»,- ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

20200811_1.jpg

Այնուհետև, ՀՀ ԳԱԱ պատմության և արևելագիտության ինստիտուտների  գիտնականները հանդես եկան զեկուցումներով: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը հանդես եկավ «Հայկական հարցը Սևրի դաշնագրում. պատմություն և արդիական խնդիրներ» թեմայով զեկուցմամբ: ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը ներկայացրեց «Թուրքիա. առերեսում Սևրի հետ (պատմաաշխարհաքաղաքական մտորումներ)» զեկուցումը: ՀՀ ԳԱԱ պատմության  ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը ներկայացրեց «Սևրի դաշնագիրը և Ռուսաստանը» զեկուցումը, նույն իստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ,  պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը ներկայացրեց «Սևրի դաշնագիրը որպես պահանջատիրության իրավական հիմքերից մեկը» զեկուցումը:  ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լևոն Հովսեփյանը հանդես եկավ «Սևրի ուրվականը 100 տարի անց. Սևրի սինդրոմը Թուրքիայի արդի հասարակական-քաղաքական խոսույթում» զեկուցմամբ:
   Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը: Գիտաժողովը հեռարձակվեց առցանց եղանակով:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   10.08.2020թ.