Ակադ. Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի միջազգային հանձնաժողով Պաշտոնական մամուլի հաղորդագրություն, 18.07.2020թ․, Երևան, Հայաստան
Ակադ. Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակն աստղագիտության և աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների կարևոր մրցանակներից մեկն է: Այն շնորհվում է որևէ երկրի և ազգության ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ոլորտում նշանակալից ներդրում ունեցող ականավոր գիտնականներին: Մրցանակը շնորհվում է 2010 թվականից ի վեր յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: 2010-2016 թթ. այն սահմանվել է ՀՀ կառավարության կողմից որպես 500,000 ԱՄՆ դոլար: 2018թ.-ից սկսած այն կազմում է 300, 000 ԱՄՆ դոլար: Մրցանակի համար շնորհվում է մրցանակի դափնեկրի դիպլոմ, պատվոնշան՝ այն հավաստող հավաստագրով, 200,000 ԱՄՆ դոլարի չափով դրամական պարգև և 100,000 ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ, որոնք մրցանակը ստանալու հաջորդող երկու տարիների ընթացքում, օգտագործվում են Հայաստանի Հանրապետությունում աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար ըստ հետևյալ նպատակների. 50000 ԱՄՆ դոլարի չափով ՝ գիտահետազոտական նախագծերի համար, 25000 ԱՄՆ դոլարի չափով՝ ՀՀ գիտնականների արտասահմանյան աշխատակցությունների համար, 15000 ԱՄՆ դոլարի չափով՝ Հայաստանում գիտական միջոցառումների կազմակերպման համար, 7200 ԱՄՆ դոլարի չափով՝ պետական բուհերում մագիստրոսի ուսումնական ծրագրով ուսումնառող ուսանողների կրթաթոշակների համար և 2800 ԱՄՆ դոլարի չափով՝ աստղագիտության հանրայնացման նախագծերի համար: Միջազգային հանձնաժողովը բաղկացած է 9 ականավոր գիտնականներից. ակադ․ Ռադիկ Մարտիրոսյան (ՀՀ ԳԱԱ նախագահ, Հայաստան, հանձնաժողովի նախագահ), պրոֆ. Քսավիեր Բարկոնս (Գերմանիա), պրոֆ. Ջոսլին Բել Բառնել (Մեծ Բրիտանիա), պրոֆ. Միշել Մայոր (Շվեյցարիա), պրոֆ. Բրայան Շմիդտ (Ավստրալիա), պրոֆ. Անատոլի Չերեպաշչուկ (Ռուսաստան), պրոֆ. Վահե Պետրոսյան (ԱՄՆ), պրոֆ. Ջոզեֆ Սիլք (Մեծ Բրիտանիա) և Էվին Վան Դիսխուկ (Նիդերլանդներ)։ Թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետն էր ապրիլի 18-ը, և միջազգային հանձնաժողովը գիտությունների ազգային ակադեմիաներից, համալսարաններից և աստղադիտարաններից ստացել էր ականավոր գիտնականների և գիտական խմբերի 8 առաջադրում աշխարհի տարբեր երկրներից: Ներկայացված աշխատանքների մանրակրկիտ ուսումնասիրության, ինչպես նաև անկախ գրախոսների կարծիքների հիման վրա, հանձնաժողովը մի շարք քննարկումներ ունեցավ, և արդյունքում որոշվեց մրցանակի գումարի կեսը շնորհել պրոֆ․ Ալեքսանդր Սալային, իսկ մյուս կեսը հավասարապես բաժանել պրոֆ․ Իզաբել Բարաֆի և պրոֆ․ Ադամ Բարոուզի միջև։
|
|
Պրոֆ․ Ալեքսանդր Սալայ (Ջոնս Հոփքինսի համալսարան, Բալթիմոր, ԱՄՆ), առաջադրված Նոբելյան մրցանակի դափնեկիր Ադամ Ռիսի կողմից «Տիեզերքում մութ նյութի՝ որպես չեզոք, թույլ փոխազդող մասնիկ լինելը ցուցադրող իր առաջնային աշխատանքի և տվյալների վրա հիմնված վիճակագրական տիեզերաբանության մեջ իր ներդրումների համար»։ |
|
|
Պրոֆ․ Իզաբել Բարաֆ (Էքսետերի համալսարան, ՄԹ և Լիոնի CRAL/ENS, CNRS, Ֆրանսիա), առաջադրված Էքսետերի համալսարանի (ՄԹ) կողմից «Ցածր զանգվածով աստղերի, գորշ թզուկների և արտարեգակնային մոլորակների բնագավառում իր հիմնարար ներդրումների և աստղասեյսմաբանության և կոմպակտ կրկնակիների ոլորտում նորարարական գաղափարների համար»։ |
|
|
Պրոֆ․ Ադամ Բարոուզ (Աստղաֆիզիկական գիտությունների բաժին, Փրինսթոնի համալսարան, ԱՄՆ), առաջադրված Փրինսթոնի համալսարանի (ԱՄՆ) կողմից «Գորշ թզուկների և արտարեգակնային մոլորակների տեսություններում իր բեղմնավոր և առաջնային ներդրումների և գորշ թզուկների և արտարեգակնային մոլորակների հետազոտությունների առաջնագծում գիտնականների սերունդ աճեցնելու գործում նրա առաջատար դերի համար»։ |
Մրցանակի նախորդ դափնեկիրներն են.
2010 – Միշել ՄԱՅՈՐ (Ժնևի աստղադիտարան, Շվեյցարիա), Գարիկ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ (Կանարյան կզղիների աստղաֆիզիկայի ինստիտուտ, Իսպանիա) և Նունու ՍԱՆՏՈՒՇ (Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոն, Պորտուգալիա)՝ մոլորակային համակարգերի և դրանց մայրական աստղերի միջև կապի ուսումնասիրության մեջ նշանակալի ներդրման համար։
2012 – Յան ԷՅՆԱՍՏՈ (Տարտուի աստղադիտարան, Էստոնիա)՝ թաքնված զանգվածի և տիեզերական սարդոստայնի բացահայտման մեջ հիմնարար ներդրման համար և Իգոր ՆՈՎԻԿՈՎ (Պ. Ն. Լեբեդևի անվ. ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական աստղագիտության կենտրոն, Ռուսաստան)՝ Տիեզերքի՝ որպես ջերմ Տիեզերք առաջանալու դիտողական հաստատման առաջին ձևակերպման և քվազարների զանգվածների որոշման եղանակի առաջարկման համար։
2014 – Ֆելիքս ԱՀԱՐՈՆՅԱՆ (Իռլանդիա և Գերմանիա)՝ բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում նշանակալի ներդրման և չերենկովյան դիտակների ստերեոդիտական համակարգի մշակման գործում առաջատար դերի համար և համատեղ՝ Իգոր ԿԱՐԱՉԵՆՑԵՎ (Ռուսաստան) և Բրենթ ԹԱԼԻ (ԱՄՆ)՝ Տեղական Տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար։
2016 – մրցանակը չի շնորհվել։
2018 – Էդվարդ ՎԱՆ ԴԵՆ ՀՅՈՎԵԼ (Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտ, Նիդերլանդներ), Ալեքսանդր ՏՈՒՏՈՒԿՈՎ (ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտ (ИНАСАН), Մոսկվա, ՌԴ), Լև ՅՈՒՆԳԵԼՍՈՆ (ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտ (ИНАСАН), Մոսկվա, ՌԴ) գիտական խմբին՝ զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելատիվիստական կրկնակիների և գրավիտացիոն ալիքների աղբյուրների ձևավորման ոլորտում առաջնային ուսումնասիրությունների համար։
Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2020թ․ սեպտեմբերի 18-ին։
|