| ||||||||
Հուլիսի 6-ին մեկնարկեց եռօրյա առցանց գիտաժողով՝ նվիրված հայ մեծ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, Հայոց Նահապետ Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200- ամյակին: Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: «Արժևորել Ղևոնդ Ալիշանի հիշատակը նշանակում է հետադարձ հայացք նետել մեր ժողովրդի անցած պատմական ուղուն, ստեղծած մշակութային անանց արժեքներին և գրականությանը, ինչպես նաև այդ ամենի ուսումնասիրման գործում արժևորել Մխիթարյան միաբանության դերը, որովհետև ինչպես իրավացիորեն նշվել է տարբեր հետազոտողների կողմից, Ալիշանը դարձավ Մխիթարյան հայագիտության և Մխիթարյանների ստեղծած ողջ գրականության հանրագումարը: Ուրախությամբ պետք է նշել, որ գիտաժողովն այնպես է կառուցված, որ յուրաքանչյուր նիստ ներկայացնում է Ալիշանի գիտական ժառանգության մի բնագավառը՝ պատմագիտություն, պատմական աշխարհագրություն, գրականագիտություն, գրականություն և արվեստ: Բաժանմունքներից յուրաքանչյուրն իր հերթին ներառում է տվյալ բնագավառին վերաբերող այն հարցերը, որոնց անդրադարձել է Ալիշանը: Գիտաժողովն առավել ցայտուն վեր կհանի հայ գրականության և հայագիտության զարգացման գործում Ալիշանի ունեցած դերը, կընդգծվի այն ներդաշնակ միասնությունը, որ կար Ալիշան գրողի, գիտնականի և հայրենասերի միջև, որը պայմանավորեց նրա անանց հմայքը»,- իր ելույթում, մասնավորապես, ասաց Ռադիկ Մարտիրոսյանը՝ նշելով, որ Ալիշանի հոբելյանին նվիրված այս գիտաժողովը նոր սկիզբ կդառնա Հայոց Նահապետի գիտագրական ժառանգության ուսումնասիրության գործում: Ողջույնի ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Տ. Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը, Հայաստանի գրողների միության քարտուղար բանասիրական գիտությունների դոկտոր Պետրոս Դեմիրճյանը: Այնուհետև տեղի ունեցավ Մխիթարյան միաբանության հայրերից Վահան վարդապետ Օհանյանի՝ Ղևոնդ Ալիշանի նամակագրական ժառանգությունն ամփոփող ժողովածուի էլեկտրոնային տարբերակի շնորհանդես-ներկայացումը: Ցուցադրվեց Ղևոնդ Ալիշանին նվիրված վավերագրական ֆիլմ, որը պատրաստվել է Վենետիկում: |