Նորություններ
16/03/2020
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Մարանջյանը

    ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորը վշտով հայտնում է, որ մարտի 14-ին 80 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Բաբկենի Մարանջյանը:
    Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Մարանջյանը գիտական հանրության կողմից ճանաչված է որպես նշանավոր գիտնական, Հայաստանում ինֆորմատիկայի և կոմպյուտերային գիտության հետևողական ջատագով: Նա ստացել է բազմաթիվ գիտական արդյունքներ, որոնք բարձր են գնահատվել մաթեմատիկական տրամաբանության և ալգորիթմների տեսության մասնագետների կողմից: Դրանցից են Ա. Կոլմոգորովի բարդության հատկությունների վերաբերյալ արդյունքները, հայտնի Ա. Մեյերի պրոբլեմի բացասական լուծումը, ռեկուրսիվ հավասարումների հետազոտությունները և այլք:
    Հրանտ Մարանջյանը մեծ ավանդ ունի երիտասարդ կադրերի պատրաստման գործում: Նրա ղեկավարությամբ թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել 11 ասպիրանտ: Հրանտ Մարանջյանի շնորհիվ ալգորիթմների տեսության բնագավառում ձևավորվել է ուրույն գիտական դպրոց:
    Խորապես ցավակցում ենք Հրանտ Մարանջյանի ընտանիքի անդամներին մեծ կորստի կապակցությամբ: Նշանավոր հայ գիտնականի, քաղաքացու և մտավորականի հիշատակը միշտ վառ կմնա: