Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի նախագահությունը խորին վշտով հայտնում է, որ 2020թ. հունվարի 24-ին 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Հովսեփի Ավագյանը:
Ռոբերտ Ավագյանը 1971 թվականից եղել է ԵՖԻ քվազիմեներանգ և բևեռացած ֆոտոնների լաբորատորիայի վարիչ, 2007 թվականից՝ գլխավոր գիտաշխատող։ 1991-1999 թվականներին Գերմանիայում եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի խմբի ղեկավար։ 1999 թվականից Եվրոպական ֆիզիկոսների ընկերության խորհրդի անդամն էր, Լոնդոնի ֆիզիկայի ինստիտուտի արտոնյալ ֆիզիկոս։ 1989-2007 թվականներին եղել է Հայկական ֆիզիկոսների ընկերության նախագահ:
Ակադեմիկոս Ավագյանի գիտական հետազոտությունները վերաբերում են փորձարարական ֆիզիկային, տարրական մասնիկների ֆիզիկային, միջուկային ֆիզիկային, բարձր էներգիայի ֆիզիկային, սպինային ֆիզիկային, ճառագայթումների ֆիզիկային, բևեռացված ֆոտոնային փնջերին:
Ռոբերտ Ավագյանը ուսումնասիրել է β էլեկտրոնների բևեռացումը՝ կապված թույլ փոխազդեցություններում տարածական զույգության խախտման հետ։ 1970 թվականին Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչում Ռոբերտ Ավագյանի ղեկավարությամբ ստեղծվել է քվանտների քվազիմեներանգ բևեռացած փունջ։ Ատանֆորդի էլեկտրոնային արագացուցիչում (ԱՄՆ) 1979 թվականին առաջինն է դիտել բարձր էներգիայի կապուղավորված պոզիտրոնների ճառագայթումը։ Ուսումնասիրել է տարբեր բյուրեղներում բարձր էներգիայի էլեկտրոնների կապուղավորման ժամանակ առաջացող ճառագայթումը՝ օգտագործելով իր ստեղծած յուրահատուկ անկյունային հարաչափերով էլեկտրոնային փնջեր:
2003թ-ին Ռոբերտ Ավագյանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:
Ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 25-ին՝ ժամը 18.00-20.00-ը, «ՄԱՏՈՒՌ»-հոգեհանգստի սրահում (հասցե` ք.Երևան, Ֆուչիկի 27/34, Մալայան աչքի հիվանդանոցի դիմաց):
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 26-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից (հասցե` Մարշալ Բաղրամյան պող., 24) ժամը 12.00-13.30-ը:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
24.01.2020թ.