Նորություններ
23/09/2019
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» CSIT-2019 12-րդ միջազգային գիտաժողովը

    Սույն թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ-ում իր աշխատանքներն սկսեց «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» CSIT-2019 12-րդ միջազգային գիտաժողովը: «Գիտաժողովի նպատակն է խրախուսել կոմպյուտերային գիտության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում գիտական և տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը: Այն հնարավորություն կտա հայ և արտասահմանցի գիտնականներին ներկայացնելու և քննարկելու իրենց գիտական գաղափարները, հետազոտությունների արդյունքները և զարգացման հեռանկարները»,- բացելով գիտաժողովն ասաց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը: Նա, շնորհակալություն հայտնելով CSIT-2019-ի կազմակերպիչներին և մասնակիցներին, ներկայացրեց գիտաժողովի շրջանակներում նախատեսվող միջոցառումները:
    Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը կարևորեց գիտաժողովի շրջանակներում քննարկվելիք թեմաները և առաջարկվող լուծումները արհեստական բանականության,  փակ համակարգերի մոդելավորման, ինչպես նաև կիրառական մաթեմատիկայի տարբեր ուղղությունների և դրանց կիրառելիության վերաբերյալ և մաղթեց արդյունավետ աշխատանքային օրեր:  
    Գիտաժողովին մասնակցում է 10 երկրներից ավելի քան 80 գիտնական և ճարտարագետ: 
Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ-ն և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը: Գիտաժողովի տեխնիկական հովանավորողներն են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, IEEE Կոմպյուտերային ասոցացիան, ՀՀ ԿԳՍՄ նախարարության գիտության կոմիտեն և Հայաստանի գիտակրթական համակարգչային ASNET-AM ցանցը։CSIT-2019 12-րդ միջազգային գիտաժողովի կարևոր միջոցառումներն են՝

  • 23 սեպտեմբերի, ժ. 12:00, կլոր սեղան՝ «Հայաստանում բարձր արտադրողականությամբ հաշվողական համայնքի ձևավորումը» թեմայով, որի ընթացքում կքննարկվի Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի տեսլականը:
  • 24 սեպտեմբերի, ժ.20։00, ՀՀ ԳԱԱ նախագահության սրահում առաջին անգամ տեղի կունենա «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Իտալիայի Վենետիկի Սուրբ Մարկոսի «Cappella Marciana» երգչախմբի համաժամ առցանց համերգը՝ ցածր հապաղման տեսաձայնային համակարգի (LOLA -LOw LAtency audio visual streaming system) միջոցով: 
  • 25 սեպտեմբերի, ժ. 09:30, Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արևելյան գործընկերության 4-րդ «Է-Ենթակառուցվածքներ» EaPEC՜2019 գիտաժողովի բացումը «Կապը մշակույթի հետ» կարգախոսով: 

20190923-4_1.jpg
    Գիտաժողովի նպատակն է ծառայել որպես հարթակ աջակցելու Արևելյան գործընկերության տարածաշրջանի և ԵՄ անդամ պետությունների միջև էլեկտրոնային ենթակառուցվածքների համայնքային կայացմանը: Երկօրյա գիտաժողովում կքննարկվեն Եվրոպայում բաց գիտության համար էլեկտրոնային ենթակառուցվածքների օգտագործման խնդիրները: 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
23.09.2019թ.