Նորություններ
26/06/2019
Գիտական հանրությունը նշում է հանրահայտ բուսաբան Էլեոնորա Գաբրիելյանի 90-ամյա հոբելյանը

   ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում շնորհավորեցին հանրահայտ բուսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արմեն Թախտաջյանի անվան ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի գիտական խորհրդատու Էլեոնորա Գաբրիելյանին 90-ամյա հոբելյանի կապակցությամբ:
   ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը մաղթեց Էլեոնորա Գաբրիելյանին քաջ առողջություն և հետագա արգասաբեր  աշխատանք: 
   Էլեոնորա Գաբրիելյանին ուղղված ՀՀ ԳԱԱ նախագահության հասցեում նշված է. «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Նախագահությունը և Բնական գիտությունների բաժանմունքը ջերմորեն շնորհավորում են Ձեզ ծննդյան 90-ամյա հոբելյանի և գիտական, գիտակազմակերպական, մանկավարժական ու հասարակական 65-ամյա արգասաբեր գործունեության կապակցությամբ:
   Դուք կերտել եք մեծավաստակ գիտնականին, մանկավարժին և ճշմարիտ հայրենասերին վայել արգասաբեր ուղի: Ձեր գործունեության բոլոր ասպարեզներում, հաղթահարելով դժվարությունները, նվաճել եք մեծ բարձունքներ:
Որպես գիտական հետազոտությունների ոլորտ ընտրելով Համաշխարհային ֆլորայի կենսակարգաբանական և ֆլորիստիկ ուսումնասիրությունները, անցած գիտական գործունեության ընթացքում հասել եք կենսաբանական գիտությունների դոկտորի և պրոֆեսորի գիտական բարձրագույն կոչումների` հեղինակելով ավելի քան 200 գիտական աշխատություն, այդ թվում՝ 30 մենագրություն: 1978 թվականին տպագրված և լայն ճանաչում ունեցած «Sorbus L. ցեղը Արևմտյան Ասիայում և Հիմալայներում» մենագրության համար Դուք 1984 թվականին արժանացաք ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Վ. Կոմարովի անվան պատվավոր մրցանակի: Ձեր նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ իրականացվել են «Հայաստանի ֆլորայի» բազմահատորյակի, «Հայաստանի Կարմիր Գրքի»  և այլ մենագրությունների հրատարակությունները:

20190626_body.jpg
   Անգնահատելի է Ձեր ակտիվ գործունեությունը՝ կապված Հայաստանի բուսական աշխարհի պահպանության հետ, Ձեր մասնակցությունը «Խոսրով», «Շիկահող», «Էրեբունի» արգելոցների և արգելավայրերի ստեղծման և պահպանության աշխատանքներին: Ինքնատիպ գիտական զեկուցումներով հանդես եք եկել աշխարհի տասնյակ առաջատար գիտակրթական հաստատություններում, միջազգային գիտաժողովներում:
Գիտության փորձառու կազմակերպչի Ձեր ունակություններն առավել ընդգրկուն և մասշտաբային դրսևորվեցին հատկապես 1989 թվականից, երբ Դուք ստանձնեցիք ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչի պատասխանատու պաշտոնը: Անգնահատելի է Ձեր ավանդը նաև բարձրորակ գիտական կադրերի (գիտության 2 դոկտոր և 19 թեկնածու) պատրաստման գործում: 
1967 թվականից Դուք հանդիսանում եք Բույսերի տաքսոնոմիայի Միջազգային ընկերության Իսկական անդամ, 1974 թ-ից՝ Միջերկրյածովյան շրջանի ֆիտոտաքսոնոմիական ուսումնասիրությունների միջազգային կազմակերպության անդամ (OPTIMA), իսկ 1989 թ-ից՝ Միջերկրյածովյան բույսերի ցուցակի Միջազգային նախագծի խորհրդական (Med-Chicklist):
   Ձեր արգասաբեր գիտական գործունեության համար Դուք արժանացել եք տարբեր մրցանակների և պարգևների. 2001 թ-ին՝ Միջերկրյածովյան Հերբարիումի ֆոնդի պատվավոր արծաթե մեդալ (Պալերմո), 2003 թ-ին՝ «Հայաստանի ֆլորայի» 10-րդ հատորի յուրահատուկ գիտական աշխատանքի նախապատրաստման և հրատարակության համար՝ Պատվավոր Պատվոգիր (Ռուսաստան), իսկ 2009 թ-ին Ձեզ շնորհվել է «ՀՀ գիտության վաստակավոր գործչի» պատվավոր կոչում: 
   Մենք Ձեզ ճանաչում ենք որպես համարձակ ու սկզբունքային դիրքորոշում ունեցող վաստակաշատ գիտնական: 
Այս հիշարժան հոբելյանի առթիվ մաղթում ենք Ձեզ քաջառողջություն և աշխատանքային անսպառ եռանդ, ստեղծագործական նոր հաջողություններ ու ձեռքբերումներ»:
   17 էնդեմիկ բուսատեսակներ անվանվել են Էլեոնորա Գաբրիելյանի պատվին։ 
   90-ամյակի կապակցությամբ Էլեոնորա Գաբրիելյանին շնորհավորել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի  Վ. Լ. Կոմարովի անվան բուսաբանության ինստիտուտը՝ պարգևատրելով նրան  «Բուսաբանությանը նպաստելու համար» մեդալով:
   Իր պատասխան խոսքում Էլեոնորա Գաբրիելյանը նշեց, որ իր գիտական հաջողությունների և ձեռքբերումների համար շնորհակալ և պարտական է իր ուսուցիչ, աշխարհահռչակ բուսաբան Արմեն Թախտաջյանին, ում ջանքերի շնորհիվ Հայաստանում ստեղծվեց բուսաբանների դպրոց, որն այսօր էլ նպաստում է բուսաբանական գիտության զարգացմանը:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   26.06.2019թ.