Սույն թվականի մայիսի 18-ին` ժամը 18:00-ին, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը (Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24ա) հրավիրում է մասնակցելու Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին: Այդ օրը թանգարանում տեղի կունենա «Քարերի զարմանահրաշ աշխարհը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված միներալոգիայի, երկրաքիմիայի և պետրոլոգիայի բնագավառներում ճանաչված գիտնական, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Բորիս Մելիքսեթյանի 90-ամյակին: Կներկայացվի գիտնականի յուրահատուկ միներալների հավաքածուն՝ բաղկացած ինչպես հայկական, այնպես էլ աշխարհի տարբեր հանքավայրերի եզակի նմուշներից:
Միջոցառումների շարքում կներկայացվի «Լ.Ա.Սպենդիարովի մրցանակ» միջազգային երկրաբանական մրցանակի պատմությունը և աշխարհագրությունը՝ նվիրված հայազգի երկրաբան Լեոնիդ Սպենդիարովի 150-ամյակին: Այս մրցանակն արդեն 100 տարի տրվում է Միջազգային երկրաբանական կոնգրեսի մասնակից լավագույն երիտասարդ երկրաբանին:
Օրվա խորհրդի շրջանակներում Երկրաբանական թանգարանի այցելուների համար կկազմակերպվի յուրահատուկ ինտերակտիվ խաղ «Ճանաչենք թանկագին քարերը» խորագրով՝ ըստ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և նրա որդու՝ Արտավազդ Թումանյանի կողմից ստեղծված «Թանկագին քարեր» խաղի՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:Թանգարանում տեղի կունենա նաև «Ագուլիս Պիգմենթս» ՍՊԸ-ի հետ համատեղ կազմակերպված «Հայկական լեռնաշխարհի հանքային ներկերը: Միջնադարից մինչ այսօր նրա կիրառությունը, բնագավառները» մշտական ցուցադրության բացումը: Ցուցադրության ընթացքում այցելուները հնարավորություն կստանան նկարելու հայկական ներկերով:
Ողջ օրվա ընթացքում Երկրաբանական թանգարանում ներկայացված կլինեն «Էլիզաբեթ» արվեստի դպրոցի երեխաների ստեղծագործությունները:
Մայիսի 18-ին Երկրաբանական թանգարան մուտքն ազատ է:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
17.05.2019թ.