Նորություններ
30/04/2019
«Սևանա լիճ. ներկա վիճակը, ընթացիկ հետազոտության արդյունքները և հետագա հետազոտության կարիքները» թեմայով միջազգային աշխատաժողով ՀՀ ԳԱԱ-ում

   Սույն թվականի ապրիլի 29-ին ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Սևանա լիճ. ներկա վիճակը, ընթացիկ հետազոտության արդյունքները և հետագա հետազոտության կարիքները» թեմայով միջազգային աշխատաժողով:
Հայ և գերմանացի մասնագետները ներկայացրեցին «SevaMod» ծրագրի` Սևանա լճի  բնական պաշարների կայուն կառավարման և օգտագործման համար ստեղծվող մոդելի առաջին փուլի արդյունքները, քննարկեցին ծրագրի հետագա շարունակման հնարավորությունները:
   Աշխատաժողովը բացեց Գերմանիայի Մագդեբուրգի Շրջակա միջավայրի հետազոտության Հելմհոլցի կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի գիտնական Մարտին Շուլցեն, ով ներկայացրեց ծրագրի նպատակները, գործընկերներին և աջակիցներին:
   Սևանա լիճն աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող ամենաբարձրադիր լճերից մեկն է:  Սակավաջուր մեր երկրի կյանքում մեծ է Սևանի նշանակությունը: Նրա հետազոտությունները կարևոր նշանակություն կունենան էկոհամակարգի բարելավման համար, նշեցին աշխատաժողովի մասնակիցները:
   Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին «Սևանա լճի էկոլոգիան», «Սևանա լճի ավազանում հիդրոկլիմայական բնութագրերի փոփոխությունները», «Ֆոսֆորը Սևանա լճի հատակային նստվածքներում», «Սևանա լճի այժմյա և հետագա ստրատիֆիկացիայի մոդելավորում» և այլ  զեկուցումներ:

20190430_body.jpg
   Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը, ՀՀ  ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը, Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Շրջակա միջավայրի հետազոտության Հելմհոլցի  կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի ղեկավար Կ. Ռինկեն, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կառույցների ղեկավարներ, գիտնականներ Հայաստանից, Գերմանիայից, Ռուսաստանից,  ՀՀ պետական պատասխանատու մարմինների ներկայացուցիչներ:
   Աշխատաժողովը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Շրջակա միջավայրի հետազոտության Հելմհոլցի  կենտրոնը (UFZ) և ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնը: Աշխատաժողովն անցկացվեց Գերմանիայի կրթության և հետազոտության դաշնային նախարարության (BMBF) կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի մոդելի մշակում նրա էկոլոգիայի ավելի լավ ըմբռնման համար և որպես նրա բնական պաշարների կայուն կառավարման և օգտագործման գործիք» թեմայով գիտահետազոտական ծրագրի շրջանակներում:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   30.04.2019թ.