ՀՀ ԳԱԱ նախագահությունը սույն թվականի մարտի 6-ի նիստում ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրեց ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանին:
Արարատ Աղասյանը ծնվել է 1956 թվականին՝ Սիսիանում: 1978թ-ին ավարտել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանական բաժինը: 2014թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Արարատ Աղասյանի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է XIX-XX դարերի հայ կերպարվեստի և քննադատական մտքի պատմությունը: Նա 15 մենագրության, 121 գիտական հոդվածի հեղինակ է, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում աշխատում է 1978թ-ից: Ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2003թ-ից:
Արարատ Աղասյանը ՀՀ ԳԱԱ գիտահրատարակչական խորհրդի, ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայաստանի ժողովրդական արվեստի, Երևանի Ռուսական արվեստի, Մարտիրոս Սարյանի և Երվանդ Քոչարի թանգարանների գիտական խորհուրդների անդամ է:
Արարատ Աղասյանը 2008թ-ին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալների, 2012թ-ին՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալի:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
06.03.2019թ.