Նորություններ
27/01/2017
Ընդլայնվում է հայ-ֆրանսիական համագործակցությունը ինֆորմացիոն տեխնոլոգիաների և կոմպյուտերագիտության բնագավառում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ հանդիպում Թուլուզի (Ֆրանսիա) Համակարգչային գիտության ազգային ինստիտուտի (ՀԳԱԻ), Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչների և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ) և Միջազգային գիտակրթական կենտրոնի մասնագետների (ՄԳԿԿ) միջև:

Հանդիպման հիմնական նպատակն էր ամրապնդել արդեն իսկ ձեռք բերված կապերը,  քննարկել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացիկ աշխատանքները, առաջարկել նոր գաղափարներ ու դրանք իրականացնելու հեռանկարներ նախանշել:   

ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը ներկայացրեց Հայաստանում ինֆորմատիկայի զարգացման միտումները և հաշվողական գիտության ոլորտի վերաբերյալ ԳԱԱ-ի միջազգային համագործակցության փորձը: Նա հատկապես ընդգծեց բազմամյա համագործակցությունը Ֆրանսիական գիտակրթական հաստատությունների հետ: ՀՀ ԳԱԱ փոխնախագահն անդրադարձավ գիտակրթական ուղղությունների զարգացմանը և գիտական կադրերի պատրաստման անհրաժեշտությանը:Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանը գոհունակություն հայտնեց առկա համագործակցության և հնարավոր նոր զարգացումների առթիվ:

20170127_1.jpg

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը նկարագրեց ինֆորմատիկայի, վիճակագրության ուղղությամբ համալսարանում կատարվող նախապատրաստական աշխատանքները: Նա կարևորեց երիտասարդ մասնագետների պատրաստման ուղղությամբ իրականացվող համատեղ քայլերի անհրաժեշտությունը: 

Թուլուզի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Միշել Դայդեն և ԻԱՊԻ-ի տնօրեն Վլադիմիր Սահակյանը փաստեցին բարձր արտադրողականությամբ հաշվողական միջոցների ուղղությամբ երկարամյա համագործակցության արդյունավետության մասին, ամփոփեցին վերջին տարիներին իրականացվող կրթական նախագծերի արդյունքները:

«Հորիզոն 2020» և «Էրազմուս+» ծրագրերի շրջանակներում հետագա համագործակցության հնարավորությունները ներկայացրեցին Պիեր Հենրի Քրոսը (ՀԳԱԻ), Հրաչյա Ասցատրյանը (ԻԱՊԻ) և Ալբերտ Սարգսյանը (ՄԳԿԿ): 
ՀՀ ԳԱԱ և Ֆրանսիական համալսարանների միջև նոր նախագծերի իրականացման համար նախապատրատվեց հուշագիր:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
27.01.2017