Նորություններ
25/10/2018
«Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողովը ՀՀ ԳԱԱ-ում

   Սույն թվականին հոկտեմբերի 26-ին` ժամը 10-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում (Բաղրամյան 24/ա) կմեկնարկի «Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ 12 երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆինլանդիայից, Պորտուգալիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Պակիստանից, Ղրղզստանից, Ռումինիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից:
   Գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել հետևյալ հիմնահարցերը.

  • Ինչո՞ւ և ինչպե՞ս է Չինաստանը խորացնում իր դերակատարումը Եվրասիական մայրցամաքում,
  • Ի՞նչ նպատակներ է հետապնդում Չինաստանը Եվրասիական մայրցամաքում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջոցով,
  • Ինչպիսի՞ քաղաքական և տնտեսական զարգացումներ են տեղի ունենում Չինաստանից դեպի Արևմտյան Եվրասիա և ԱՄՆ-ից ու Ռուսաստանից դեպի Ասիա շրջադարձի պայմաններում,
  • Քննարկել Հայաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում ընդգրկվելու հնարավորությունները,
  • Հայ-չինական հարաբերությունների բարելավման հնարավորությունները ներկա աշխարհաքաղաքական իրադրությունում:

   Գիտաժողովը կազմակերպել են «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի արևելագիտության ամբիոնը:
   Գիտաժողովը իր աշխատանքները կշարունակի հոկտեմբերի 27-ին:

   25.10.2018թ.
   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն