Նորություններ
09/10/2018
Հոբելյանական նիստ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում` նվիրված ՀՀ ԳԱԱ և լեզվի ինստիտուտի 75-ամյակին

   ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը նշում է իր հիմնադրման և ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75-ամյակը` ակադեմիայի, Լեզվի ինստիտուտի հիմնադրման ակունքներում կանգնած հայերենագիտության երախտավորներին նվիրված միջոցառումներով:
   Հոկտեմբերի 5-ին ինստիտուտում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ` նվիրված մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանին:
   Իր ողջույնի խոսքում Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը իր հիմնադրման օրվանից շարունակել է հայ լեզվաբանական մտքի զարգացման նախորդ փուլերի ավանդները, գիտական գործակցություն է ծավալում ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրյա հայերենագիտական կենտրոնների հետ և,  առաջ մղելով գիտական միտքը, դարձել է նոր շրջանի հայերենագիտության կարևորագույն կենտրոնը:
   Բարձր գնահատելով հաստատության ավանդը հայերենագիտության զարգացման գործում և շնորհավորելով լեզվի ինստիտուտի աշխատակիցներին՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանն ասաց. «Հպարտությամբ պետք է փաստել, որ ինստիտուտում իրենց կոթողային աշխատանքներն են ստեղծել այնպիսի հզոր հայագետներ, ինչպիսիք են` Հրաչյա Աճառյանը, Արարատ Ղարիբյանը, Գրիգոր Ղափանցյանը, Գևորգ Ջահուկյանը և ուրիշներ, իսկ լեզվաբանների հետագա սերունդները նրանց ժառանգության արժանի շարունակողներն են եղել»:

09102018_body.jpg
   Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը ընդգծեց Լեզվի ինստիտուտի գիտնականների դերը հայերենագիտության զարգացման, լեզվի անաղարտության պահպանման, արևմտահայերենի ուսումնասիրության գործում:
   Հայկական հանրագիտարանի տնօրեն Հովհաննես Այվազյանն անդրադարձավ Հրաչյա Աճառյանի և Հովհաննես Թումանյանի նամակագրությանը՝ ներկայացնելով երկու մեծերի մտահոգության առարկա դարձած խնդիրները կրթության, գրական լեզվի ու բարբառների գործառության վերաբերյալ:
   Հրաչյա Աճառյանի կյանքը և գիտական գործունեությունը ներկայացրեց ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ Գայանե Մխիթարյանը: Նա հանգամանորեն անդրադարձավ Աճառյանի հիմնարար աշխատություններին՝ նշելով, որ հայագիտության և լեզուների համեմատական քննության բազմազան ոլորտներում դրանք ելակետ և ուղենիշ են եղել հայ լեզվաբանների ու բանասերների մի շարք սերունդների համար ու դեռ երկար պահպանելու են իրենց գիտական մեծ արժեքը։
   Նիստը նշանավորվեց Հրաչյա Աճառյանի կնոջ` Սոֆյա Աճառյանի «Իմ հուշերը Աճառյանի մասին» գրքի շնորհանդեսով:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   09.10.2018թ.