Սույն թվականի սեպտեմբերի 25-ին` ժամը 10:30-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահությունում (Մարշալ Բաղրամյան 24) իր աշխատանքները կսկսի «Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» V միջազգային գիտաժողովը` նվիրված ՀՀ ԳԱԱ-ի հիմնադրման 75-ամյակին և ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր ակադեմիկոս Արամ Նալբանդյանի 110-ամյակին:
Գիտաժողովին բացի Հայաստանից կմասնակցեն գիտնականներ Ավստրիայից, Բելառուսից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Չինաստանից և Ռուսաստանից: Գիտաժողովի ընթացքում կընդհանրացվեն քիմիական ֆիզիկայի բնագավառում վերջին տարիներին ստացված արդյունքները: Միջազգային գիտական հանրությունը կծանոթանա ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի մի շարք այլ գիտական կենտրոնների վերջին տարիների գիտական մշակումներին: Գիտաժողովի մասնակիցները կքննարկեն բնագավառի զարգացման հեռանկարներն ու կփոխանակեն ձեռք բերված փորձը:
Գիտաժողովին բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Ալդոշինը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը:Կանցկացվի 17 պլենար դասախոսություն, կներկայացվեն 33 բանավոր և 58 ստենդային զեկուցումներ: Գիտաժողովին մասնակցելու է մոտ 40 երիտասարդ գիտնական, որոնց համար կանցկացվի լավագույն զեկուցումների մրցույթ, հաղթողները կարժանանան պատվոգրերի և հուշանվերների:
Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև սեպտեմբերի 29-ը:
«Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» V միջազգային գիտաժողովն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի աջակցությամբ: