Նորություններ
06/07/2018
Ակադեմիկոս Յուրի Ալեքսանյանի ծննդյան 80-ամյակը

   Հուլիսի 9-ին լրանում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Թադևոսի Ալեքսանյանի ծննդյան 80-ամյակը և նրա գիտա-մանկավարժական և հասարակական գործունեության 55-ամյակը: 
   Ակադեմիկոսը ծնվել է Ստեփանավանում և 1961թ.-ին, ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտը՝ որպես բժիշկ աշխատել է իր ծննդավայրում: 1963թ.-ին Յու.Ալեքսանյանն ընդունվել է ասպիրանտուրա նույն ինստիտուտում, ինչպես նաև կրթություն է ստացել Մոսկվայի Փորձարարական կենսաբանության ինստիտուտում: 1967թ.-ին Յու.Ալեքսանյանը պաշտպանել է իր ատենախոսությունը, որը նվիրված էր միաշերտ կուլտուրաներում քաղցկեղային բջիջների իմունային հատկությունների ուսումնասիրմանը: 1968-1985թթ.-ին Յու.Ալեքսանյանը գլխավորել է Հայաստանի Փորձարարական կենսաբանության ինստիտուտի (ներկայիս ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի) մոլեկուլա-բջջային իմունոլոգիայի լաբորատորիան: 1985թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Մոսկվայի Իմունոլոգիայի ինստիտուտում՝ «Քաղցկեղային բջիջների իմունոլոգիան երկարատև կուլտիվացման և հիբրիդացմանմ ժամանակ» թեմայով:

20180706_body.jpg
   1986 թ.-ից ի վեր Յու. Ալեքսանյանը ղեկավարել է ՀՀ ԱՆ Ա.Բ.Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ԳՀԻ-ում իրականացվող Հայաստանում տարածված մի շարք հիվանդությունների համաճարակաբանությանը, էկոլոգիային, կանխարգելմանը և ախտորոշմանը նվիրված աշխատանքները (1986-2006 թթ.՝ որպես ինստիտուտի տնօրեն, 2007-2017թթ.՝ որպես ինստիտուտի գիտական խորհրդատու): 2018թ.-ից Յու.Ալեքսանյանը հանդիսանում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գիտական խորհրդատու:

   Ակադեմիկոս Յու. Ալեքսանյանի ղեկավարությամբ իրականացված աշխատանքները մեծ կարևորություն ունեն ժամանականից բժշկության և առողջապահության համար: Մեծ արժեք ունեն նրա՝ մարդու կուլտիվացված լիմֆոցիտների իմունային պատասխանի ձևավորման մոլեկուլա-բջջային մեխանիզմների ուսումնասիրությունները: 1986թ.-ին Յու. Ալեքսանյանն ընտրվում է թղթակից անդամ, իսկ 1996թ.-ին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: 1993թ.-ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
   Յու.Ալեքսանյանը հանդիսանում է 518 գիտական աշխատանքների հեղինակ, այդ թվում՝ 5 մենագրության, և նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 17 թեկնածուական և 4 դոկտորական աշխատանքներ:
   Երկար տարիներ Յու.Ալեքսանյանը զբաղվում է ոչ միայն գիտական և գիտա-կազմակերպական, այլ նաև մանկավարժական գործունեությամբ: Իր մանկավարժական գործունեությունը նա ծավալել է Երևանի Պետական Համալսարանում, Երևանի բժշկական ինստիտուտում, Առողջապահության ազգային ինստիտուտում, ինչպես նաև Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում:
   Յու.Ալեքսանյանը «Հայաստանի բժշկագիտություն» հանդեսի գլխավոր խմբագիրն է, մի շարք խմբագրական և ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհուրդների անդամ է:
   2000թ.-ին Յու. Ալեքսանյանն ընտրվեց Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի և Էկոլոգիայի ու կենսագործունեության անվտանգության Միջազգային ակադեմիայի, իսկ 2003թ.-ին՝ «Արարատ» Միջազգային ակադեմիայի իսկական անդամ: 2007թ.-ին Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության Միջազգային ակադեմիայի կողմից նրան է շնորհվել «Գիտության վաստակավոր գործիչ» կոչումը և «Գիտնականի Աստղ»  շքանշանը:
   ՀՀ ԳԱԱ նախագահությունը և բնական գիտությունների բաժանմունքը շնորհավորում են Յուրի Ալեքսանյանի հոբելյանը, ցանկանալով նրան առողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ: