Նորություններ
25/05/2018
Ականավոր գիտնականը և մանկավարժը. Յուրի Սուվարյանի ծննդյան 75-ամյակի առթիվ

Լրացավ հայ նշանավոր գիտնական, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանի 75 տարին: Յու.Սուվարյանը քաջածանոթ անուն է Հայաստանի գիտական հասարակայնությանը, հատկապես բուհական մտավորականությանը, ինչպես և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շրջանակներին: Հիրավի` զարմանալի, բովանդակալից և արգասաբեր կյանքով է ապրում ակադեմիկոս Յու. Սուվարյանը, կարողանում է համատեղել գիտական և մանկավարժական լարված աշխատանքը վարչականի հետ, բեղուն գրչով կյանքի կոչում մեկը մյուսից խոր և արժեքավոր հետազոտություններ, նպաստում բազմաթիվ ասպիրանտների ու հայցորդների գիտական աճին, խորհրդատվություն իրականացնում ինչպես ՀՀ պետական զանազան մարմինների, այնպես էլ Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների համար: 

20150525_1.jpg
Յու. Սուվարյանը ծնվել է 1943թ. ԼՂՀ Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում, 1965թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, ապա` ասպիրանտուրան: 1970թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1983թ.` դոկտորական ատենախոսություն: 1987–1994թթ. պրոֆեսոր Սուվարյանը, որպես Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, ինչպես նաև տնտեսագիտական աստիճաններ շնորհող խորհրդի նախագահի տեղակալ, ապա նաև` նախագահ, մեծապես նպաստել է բուհում գիտահետազոտական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը: 2006թ. դառնալով հարազատ բուհի ռեկտոր` Յու. Սուվարյանը մեծ եռանդով ձեռնամուխ եղավ կրթահամակարգի բովանդակային և կառուցվածքային արմատական վերափոխումների` համահունչ միջազգային պահանջներին: Նրա ղեկավարության շրջանում տնտեսագիտական համալսարանն անցավ հանրապետության օրինակելի բուհերի առաջին շարքը: 2006թ. Յու. Սուվարյանն ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, 2010թ.` իսկական անդամ, 2011թ.` ընտրվել ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար: Բարեխղճորեն կատարելով իր պարտականություններն այդ պաշտոնում` նա որոշակի ավանդ է ներդրել «Հայագիտության զարգացման հայեցակարգի» և «2012–2025թթ. հայագիտության զարգացման ռազմավարության» մշակման, Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող հիմնադրամի ստեղծման գործում: 
Յու.Սուվարյան քաղաքացու կերպարը հասկանալու համար կարևոր է նշել նաև 1991–1992թթ. նրա աշխատանքը որպես ՀՀ վարչապետի խորհրդական (համատեղության կարգով): Երկրի տնտեսության համար օրհասական այդ պայմաններում առավելագույնս պիտանի եղան Յու. Սուվարյանի համակարգային մտածելակերպը, արագ կողմնորոշվելու և վճռելու փորձը, տնտեսական և սոցիալական հիմնախնդիրների ներքին կապն զգալու ու դրանք համադրված լուծելու կարողությունը: 1994 թվականից Յու. Սուվարյանը ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչն է: Նրա ջանքերով ամբիոնը վերածվել է գիտամանկավարժական հզոր կենտրոնի: Պատկառելի է հենց իր` ակադեմիկոս Սուվարյանի գիտական հրատարակությունների ցանկը. շուրջ 270 աշխատություն, որից 40-ը մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ: Նրա գիտահետազոտական աշխատանքի կարևորագույն արդյունքներից են արտադրության արդյունավետության և ամբողջական աշխատանքի արտադրողականության գնահատման ու կառավարման նոր մեթոդաբանության մշակումը, գիտության կառավարման կարևորագույն հիմնախնդիրների նոր լուծումների, հանրային կառավարման տեսության յուրօրինակ հայեցակարգի հիմնավորումը, ՀՀ վարչատարածքային նոր բաժանման և տեղական ինքնակառավարման երկաստիճան համակարգի մշակումը, հայ կառավարչական մտքի զարգացման ընթացքի և միտումների բնութագրությունը, հանրապետության տնտեսական զարգացման վրա կրթության և գիտության ներազդեցության գնահատումը, գիտակրթական համակարգի կառավարման նոր հայեցակարգի առաջադրումը: 
Յու. Սուվարյանի ղեկավարությամբ ու խմբագրմամբ լույս է տեսել «Մենեջմենթ» ` հայերեն բուհական առաջին դասագիրքը (1999, 2002, 2009, 2016), որը եղավ վերջին շրջանի հայ տեսական-մանկավարժական մտքի նվաճումներից մեկը: Բուհական ուսուցման համակարգի արդիականացման մեջ պրոֆեսոր Յու. Սուվարյանի և նրա համախոհների ծանրակշիռ ներդրումը եղան «Ձեռնարկության արդյունավետ կառավարում» և «Ծառայությունների ոլորտի արդյունավետ կառավարում» էլեկտրոնային համակարգչային գործարար խաղերի մշակումն ու ներդրումը: Ակադեմիկոս Յու. Սուվարյանի գիտական ղեկավարությամբ մշակվել են մի շարք գործնական ուղղվածության ծրագրեր, մասնավորապես` ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը (1994 թ.), ՀՀ երկաթուղային տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը (1998 թ.), որոնք ընդունվել են հանրապետության գործադիր իշխանությունների կողմից և իրագործվել: Դժվար է գերագնահատել Յու. Սուվարյանի դերը տնտեսագիտական բարձրորակ կադրերի, գիտական հերթափոխի պատրաստման ասպարեզում: Անցած տարիներին նրա ղեկավարությամբ տնտեսագիտության թեկնածուի և դոկտորի աստիճան են ստացել բազմաթիվ ասպիրանտներ ու հայցորդներ: Ակադեմիկոս Յու. Սուվարյանի մասնագիտական բարձր կարողությունները, գիտամանկավարժական վաստակը գնահատված են «Անանիա Շիրակացի» (2000), ԼՂՀ «Մայրական երախտագիտության» (2007), «Վաչագան Բարեպաշտ» (2013), Միջազգային փիլիսոփայական ակադեմիայի «Դավիթ Անհաղթ» (2010), Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի (2011) մեդալներով և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ (2017) աստիճանի շքանշանով: 2014-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի կոչման: Նա «Հանրային կառավարում», «Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա», «Բանբեր հայագիտության» և այլ հայրենական ու միջազգային գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ է, ՀՊՏՀ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահն է, Դոնի Ռոստովի պետական տնտեսագիտական, Արցախի պետական և այլ համալսարանների պատվավոր պրոֆեսոր: Իր հարուստ փորձը Յու. Սուվարյանը տրամադրել է նաև Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնների կայացմանը: Այժմ 75-ամյա մեր գործընկերը լի է եռանդով, նոր գաղափարներով ու ծրագրերով: Մաղթում ենք քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ: 

ՀՀ ԳԱԱ նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյան 
ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, 
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վլադիմիր Հարությունյան