Նորություններ
24/05/2018
ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրինության հայտարարությունը

Հայտնում ենք, որ sհamshyan.com  կայքում մայիսի 23-ին հրապարակված` Երևանի բուսաբանական այգում 500 ծառ հանելու և զվարճանքի կենտրոն կառուցելու մասին «Արտակարգ իրավիճակ Բուսաբանական այգում. տնկարանում 500-ից ավելի տնկիներ պոկել, տեղը կառուցում են զվարճանքի կենտրոն. ո՞ւր են նայում պատկան մարմինները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ» վերնագրով նյութը չի համապատասխանում իրականությանը։
Այգու և Բուսաբանության ինստիտուտի աշխատակիցներն իրենց վրդովմունքն արտահայտեցին մայիսի 23-ին կայացած գիտական խորհրդի նիստում, քանի որ տեղեկությունը ստահոդ է, չի համապատասխանում իրականությանը:

tsaratunk-1_18_03_2018.jpg
Այգու նշված հատվածը 2013-2015 թթ. ժամանակավոր ծրագրի շրջանակներում ծառայել է որպես տնկարան, և 2015թ-ին ծրագրի պահանջների համաձայն ծառերը վերատնկվել են ՀՀ բնական անտառային տարածքներում, իսկ ծրագիրն ավարտվել է դեռևս 2015թ.։2018 թ-ի մարտի 18-ին նախկին տնկարանի ծառազուրկ տարածքում հիմնվել է անտառպուրակ. մասնավորապես տնկվել է ավելի քան 500 ծառ և անց է կացվել ոռոգման ջրագիծ: Նպատակն է անխնամ հատվածը նույնպես վերածել զբոսանքի և հանգստի համար հաճելի վայրի: Բացի այդ, հունիսի սկզբին նախատեսվում է տնկել ևս 100 ծառ։

tsaratunk-2_18_03_2018.jpg
Նոր անտառպուրակի մի մասում՝ ծառազուրկ հատվածում, (առկա է 2018 թ. մայիս ամսին արված այգու տվյալ հատվածի տեսագրությունը, որտեղ պարզորոշ երևում է, որ պուրակի այդ հատվածում ծառեր չկան) այժմ ժամանակավորապես (4 ամսով) տեղադրվում է կիսաբաց վրանային կոնստրուկցիա, տարածքում չի կառուցվում մշտապես գործող զվարճանքի կենտրոն: Դա լինելու է ժամանակավոր հանդիսությունների, մշակութային և էկոկրթական միջոցառումների անցկացման վայր վրանի տեսքով: Նկարում երևացող մետաղական կոնստրուկցիաները  միայն հատակի համար են, քանի որ տարածքը անհարթ է, անհարմար` միջոցառումներ անցկացնելու համար:
Վարձավճարի գումարներով այգու գիտական հավաքածուների տարածքների բարեկարգման և խնամքի համար աշխատանքի կընդունվի 5 այգեգործ-բանվոր, քանի որ այգու եղած սուղ միջոցներով հնարավոր չէ ունենալ համապատասխան քանակի` այգու մաքրությանը և բարեկարգմանը հետևող աշխատողներ:

tsaratunk-3_18_03_2018.jpg
Երևանի բուսաբանական այգում աշխատում են սրտացավ մարդիկ, ովքեր իրենց կյանքը կապել են Հայաստանի բնության ուսումնասիրության, գիտական կոլեկցիաների հավաքման, Հայաստանի և այլ երկրների բուսականության պատշաճ ներկայացման հետ: Անհեթեթություն է կարծել, որ որևէ մի մասնագետ արմատախիլ կանի թեկուզ մի տնկի` զվարճանքի կենտրոն ստեղծելու համար: 

Հ.Գ. Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք այցելել մեր այգի և տեղում համոզվել, որ այս տարի այդ տարածքում տնկվել է 500 – ից ավելի նոր ծառ:

ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան
բուսաբանության ինստիտուտի
տնօրինություն

24.05.2018թ.