Սույն թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնները, Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության, Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի, Գ.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների, Մոլեկուլային կենսաբանության, Լ.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտները: Բաժանմունքի կազմում ընդգրկված են` 8 ակադեմիկոս, 11 թղթակից և 27 արտասահմանյան անդամ, 12 պատվավոր դոկտոր: Բաժանմունքի գիտահետազոտական կազմակերպությունները տպագրել են 379 հոդված, այդ թվում` 196-ը արտասահմանյան ամսագրերում, 151 թեզիս, այդ թվում 81-ը` արտասահմանյան գիտաժողովների նյութերում, 4 մենագրություն, 4 ուսումնական ձեռնարկ, ստացել են 3 արտոնագիր: Անցկացվել է հանրապետական և միջազգային 15 միջոցառում: Ժողովի ընթացքում 2017թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը:
Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝
- «Խխունջային ներպատվաստման ժամանակակից հեռանկարները», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Գեորգի Տավարտկիլաձե (Վրաստան)
- «Տեղեկատվական-հեռահաղորդական տեխնոլոգիաների դերը բժշկա-հասարակական օգնության որակի բարելավման գործում», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Հովհաննես Սարուխանյան (ՌԴ)
- «Բնական թույների կենսաբանական էֆեկտները և կիրառությունը», զեկուցող՝ կենսաբանական գիտությունների դոկտոր Ն. Այվազյան
- «Բնական միացությունները որպես դեղամիջոց խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի դեմ պայքարում», զեկուցող՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Հ. Զաքարյան
- «Հեռազննման տեխնոլոգիաների դերը լեռնային էկոհամակարգերի տարածաժամանակային հետազոտություններում՝ կլիմայի փոփոխության համատեքստում», զեկուցող` աշխարհագրական գիտությունների թեկնածու Վ. Մուրադյան:
Կարևորագույն գիտական արդյունքներ Բուսաբանության ինստիտուտ
- Ավարտված են «Հայաստանի անոթավոր բույսերի որոշիչ»-ի անգլերեն և ռուսերեն տարբերակների մշակումները: «Հայաստանի ֆլորա» բազմահատորյակում ներկայացված 3200 տեսակի փոխարեն որոշիչում բերվում է շուրջ 3800 տեսակ:
- Ամփոփվել են ինստիտուտի Հերբարիումում (ERE) ներկայացված Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված 54 էնդեմիկ տեսակների վերաբերյալ Տվյալների Բազայի ստեղծման աշխատանքները:
- Պեղվել են Սևանի ավազանի Ծովինար գյուղի շրջակայքի հոլոցենյան տորֆային նստվածքները և հայտնաբերվել մի շարք տեսակներ՝ հիմնված բրածո ծաղկափոշու և բույսերի մակրոմնացորդների վրա:
ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն
- Գնահատվել է Երևան քաղաքում հացահատիկի սպառման արդյունքում աֆլատոքսին B1-ի առողջական ռիսկը: Բացահայտվել է, որ աֆլատոքսին Բ1-ի քաղցկեղածին ռիսկը 1,5 անգամ գերազանցում է թունաբանական շեմը:
- SPOT և AVHRR արբանյակային նկարների տարածաժամանակային շարքի վերծանմամբ ուսումնասիրվել է Հայաստանի, մասնավորապես Սյունիքի մարզի էկոհամակարգերի դինամիկան՝ 1982-2014թթ.` կլիմայի փոփոխության պայմաններում:
- «Լեռնային տարածքների գյուղատնտեսական մշակաբույսերի ծանր մետաղներով աղտոտման գնահատման հեռազննման մեթոդի մշակում» թեմայի շրջանակում կատարվել է Քաջարան քաղաքի տարածքի գյուղատնտեսական մշակաբույսերի և նույն տարածքի հողերի համակցված նմուշարկում: Ստեղծվել է բույսերում և հողերում ծանր մետաղների պարունակությունների տվյալների բազա և իրականացվել վիճակագրական վերլուծություն:
- Գնահատվել է հանքալեռնային արդյունաբերության ազդեցությունը Կապան, Քաջարան, Մեղրի և Ագարակ քաղաքների խմելու ջրի որակի վրա: Սպառողներին մատակարարվող ջրում ծանր մետաղների կոնցենտրացիաները համապատասխանում են խմելու ջրի ազգային և միջազգային սանիտարական նորմերի պահանջներին:
«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն
- Lactobacillus helveticus B-9602 կաթնաթթվային բակտերիայի կիրառմամբ շարունակվել է ավանդական «Նարինե» կաթնաթթվային մթերքի արտադրությունը: Միաժամանակ կազմակերպվել են ծիրանի, դեղձի և սև թթի բնական օշարակների հավելումներով մրգային, ինչպես նաև փոշենման «Նարինե»-ի արտադրություններ:
- Սինթեզվել են ացետիլենային կապեր պարունակող օպտիկապես մաքուր (S)-α-ամինաթթուներ: Ստացվել են ելային ամինաթթվային սինտոններ, որոնք հետագայում հետազոտվել են Գլայզերի հետերոհամակցման ռեակցիայում: Որոշվել և բնութագրվել է ստացված էնանտիոմերապես հարուստ ամինաթթուների կառուցվածքը և բացարձակ կոնֆիգուրացիան:
- Մեկուսացվել են կաթնաթթվային բակտերիաների նոր տեսակներ, որոնք օժտված են բարձր հակամանրէային հատկությամբ՝ հիվանդածին բորբոսասնկերի և բակտերիաների նկատմամբ:
- Մշակվել է լիզինի ռացեմատից D-լիզինի ստացման կենսաբանական եղանակ:
- Ցույց է տրվել, որ Կավարտի լքված հանքավայրում (Սյունիքի մարզ) ընթանում են ակտիվ օքսիդացման գործընթացներ՝ թթվային դրենաժների առաջացում, որոնք մեծ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար: Բացահայտվել է կապ այդ գործընթացների ինտենսիվության և մանրէների ընդհանուր թվաքանակի ու տեսակային կազմի միջև:
Կենդանաբանության և հիդրոէկոլոզիայի գիտական կենտրոն
- Բացահայտվել է, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման պայմաններում նրա էկոհամակարգում շարունակվել են դրական գործընթացները:
- Գրանցվել է ձկնային պաշարների որոշակի աճ: Ընդհանուր ձկնային պաշարը լճում կազմել է 2280տ, որից սիգ ձկնատեսակի մասնաբաժինը կազմել է մոտ 97%, իսկ նրա արդյունագործական պաշարը եղել է ընդամենը 554 տ: Անկառավարելի որսի արդյունքում արդյունագործական պաշարի համարժեք վերականգնում տեղի չի ունեցել:
- Ցույց է տրվել, որ նախորդ տարվա համեմատ լճում կտրուկ կրճատվել են երկարաչանչ խեցգետնի արդյունագործական պաշարները՝ 4500տ-ից նվազելով մինչև 2600տ: Մշակվել և ՀՀ բնապահպանության նախարարությանն են ներկայացվել խեցգետնային պաշարների արդյունավետ կառավարման և որսագործիքների վերանայման առաջարկներ:
- Մշակվել են ոչխարների և այծերի մակաբույծների դեմ պայքարի առաջարկություններ Հայաստանի պայմաններում:
- Միջատների բազմազանության ուսումնասիրության և գնահատման արդյունքում նկարագրվել է գիտության համար 4 նոր տեսակ, 9 տեսակ առաջին անգամ է գրանցվել Հայաստանի ֆաունայի, 1 տեսակ՝ Գեղարքունիքի մարզի համար: Առաջին անգամ նկարագրվել են 5 տեսակի բզեզների կարիոտիպերը:
Գ.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
- Իրականացվել է ալեհեր մարիամախոտի (Teucrium polium L.) ստանդարտավորում` ըստ ապիգենինի, որի համաձայն` հիդրոպոնիկ և վայրի չոր բուսահումքում ֆլավոնոիդների հանրագումարը գրեթե միատեսակ է:
- Վիրգինյան գիհու (Juniperus virginiana L.) 13-15 սմ բարձրությամբ և 1-1.5 մմ բնի տրամագծով բուսակները, հրաբխային խարամ լցանյութում տնկարկելիս, ապահովել են 100% կպչողականություն: Պարզվել է, որ Դիլիջանի անտառային գոտում հնարավոր է 4-5 տարում 1 քմ հիդրոպոնիկումից ստանալ մշտադալար, թանկարժեք տոսախի (Buxus L.) 45-50 հատ բարձր որակի տնկիներ:
- Առաջին անգամ նախագծվել և փորձարկվել է բույսերի հիդրոպոնիկ մշակման ուղղաձիգ աշտարակային մոդուլ, որտեղ աճեցվել են ելակի 3 բազմաբերք սորտեր՝ Ալբիոն, Մոնթերեյ և Սուիթ Իվ:
- Հյուսվածքային մշակույթի լաբորատորիայում պահպանվել է բույսերի in vitro հավաքածուն. մեխակ՝ 17 սորտ, կարտոֆիլ՝ 14 սորտ, դեղատու ծնեբեկ, փետրաձև կալանխոե և այլն:
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
- Բացահայտվել է, որ հնագույն նմուշների մայրագծային գենետիկական կազմը առավել նման է ժամանակակից հայերին, ինչը վկայում է գենետիկական շարունակականության մասին:
- Լայնագենոմային գենատիպավորման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ հայկական պոպուլյացիային բնորոշ է հակափսիխոտիկ դեղամիջոցների ազդեցության արդյունավետությունը փոփոխող գենետիկական պոլիմորֆիզմների բարձր հաճախականություն:
- Խոզերի աֆրիկյան ժանտախտի սուր ձևի ախտածնության մեխանիզմների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրան բնորոշ է հեմոֆագոցիտար լիմֆոհիստիոցիտոզի համախտանիշը, որի չափանիշները խոզերի մոտ նկարագրվել են առաջին անգամ:
Լ.Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտ
- Մեզենքիմային ցողունային բջիջներից փոխպատվաստման համար ֆունկցիոնալ մաշկային հյուսվածքի ստացում /աճեցում:
- Գյուրզա և այլ էնդեմիկ օձերի թույնի դեմ հակաթույնի արտադրություն և հարակից պրոդուկտների մշակում: Ներկայումս Հայաստանում առկա է միայն մեկ կոմերցիոն պրոդուկտ, որը Ուզբեկստանի արտադրանքի պոլիվալենտ հակաթույնն է: Սակայն այն նախատեսված է միջինասիական գյուրզայի խայթոցի դեմ և պարունակում է նաև կոբրայի և էֆայի թույնի հակամարմիններ, ինչը հաճախ ծայրահեղ ուժեղ ալերգիկ ռեակցիայի պատճառ է հանդիսանում:
- Մշակվել են ծրագրեր՝ էլեկտրաէնցեֆալոգրաֆիկ ազդանշանների վերլուծության և համակարգչային պոլիգրաֆի համար, ինչպես նաև 4–ւղղային էնցեֆալոգրաֆ և եռուղի Հոլտեր տիպի կարդիոգրաֆ։
- Մշակվել են SFCO գերզգայուն ակուստիկ փոխարկիչներ՝ տրեմորի գրանցման և վերծանման համար նորմայում և տարբեր ախտահարումների դեպքում:
Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ
- Սինթեզվել է PRP (գալարմին) և հետազոտվել է դրա ածանցյալների ազդեցությունը նեյրոդեգեներատիվ, վտանգավոր հիվանդությունների և քաղցկեղի ընթացքի ու հնարավոր կանխարգելման նպատակով:
- Ստացվել են մետաղա-պորֆիրինների և ցեոլիտների նանոկոմպոզիտներ, քաղցկեղի բջիջների և միկրոօրգանիզմների ֆոտոդինամիկ ոչնչացման նպատակով:
- Ստացվել են կիտեր դիպեպտիդիլ պեպտիդազ IV-ի և ադենոզին-դեամինազի ակտիվության որոշման համար:
- Մշակվել է Helicobacter pylori-ի էքսպրես ախտորոշման մեթոդը 90-95% հավաստիությամբ:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն 27.03.2018թ. |