Սույն թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են` Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի, Մ.Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի, Երկրաբանական գիտությունների, Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտները: Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ԳԱԱ 9 ակադեմիկոս, 6 թղթակից անդամ և 21 արտասահմանյան անդամ: 2017 թվականին բաժանմունքի ինստիտուտների կողմից տպագրվել է 385 հոդված, այդ թվում 175-ը` արտասահմանյան ամսագրերում, 70 թեզիս, այդ թվում 38-ը` արտասահմանյան գիտաժողովների նյութերում, 7 մենագրություն, այդ թվում 4-ը` արտասահմանում: Ստացվել է 3 արտոնագիր: Անցկացվել է 4 միջազգային գիտաժողով: Ժողովի ընթացքում 2017թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը:
Այնուհետև ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝
- «Հետազոտություններ 2-հետերիլպիրոլիդինների քիմիական փոխարկումների և հատկությունների ուսումնասիրման բնագավառում», զեկուցող՝ ք.գ.թ. Ս. Պ. Գասպարյան
- «Ջրամբարների անվտանգ շահագործման և սողանքային երևույթների ուսումնասիրվածության հիմնահարցերը ՀՀ-ում», զեկուցող՝ ե.գ.թ. Ջ.Կ. Կարապետյան, ե.գ.դ. Ռ.Ս. Մինասյան
- «Զոլ-ժել սինթեզի եղանակով ջերմակայուն օքսիդային կերամիկայի ստացումը», զեկուցող՝ ք.գ.թ. Ա. Կ.Կոստանյան:
Քիմիական գիտությունների բնագավառում բաժանմունքի կազմակերպությունների կարևորագույն արդյունքներ
- Ուսումնասիրվել են N–բենզոիլ-DL-վալին դիմեթիլամինոէթիլ ամիդի յոդմեթիլատի մի շարք դեղաբանական և ֆիզիոլոգիական հատկությունները, մասնավորապես որոշվել են հակախոլինէսթերազային հատկությունները, սուր տոքսիկականության տվյալները, նեյրոֆիզիոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ երկարատև հիշողության կառույցներում նեյրոդեգեներատիվ շեղումները, որոնք աջակցում են Ալցհեյմերի հիվանդության ձևավորմանը, ճնշվել են հետազոտվող միացության ազդեցության պայմաններում՝ մոտենալով նորմային: Նման ակտիվությունը վկայում է, որ միացությունը կարող է կիրառվել` Ալցհեյմերի հիվանդության բուժման համար դեղամիջոց ստեղծելիս:
- Բացահայտվել է, որ ածխածնի երկօքսիդով մեթանի փոխարկման ռեակցիայում պլազմամեխանիկական եղանակով ստացված վոլֆրամի կարբիդի (WС) նանոփոշու չափերի փոքրացումը հանգեցնում է դրանից պատրաստված կատալիզատորի ակտիվության և մեթանի փոխարկման աստիճանի զգալի մեծացմանը:
- Պղնձալարերի արտադրական օքսիդային յուղոտ թափոններից պղնձի վերականգնման պրոցեսն իրականացվել է այրման ռեժիմում ուժեղ օքսիդիչի հավելումների միջոցով:
- Մշակվել են տիեզերական ապարատների ջերմակարգավորիչ նոր բաղադրության ծածկույթներ ցիրկոնիումի և ցինկի սիլիկատների հիման վրա կիրառելի ապարատների ջերմային ռեժիմի կարգավորման համար: Մշակվել է նաև սկզբունքորեն նոր մոտեցում՝ հիդրոթերմալ-միկրոալիքային եղանակ, նպատակային նյութերը սինթեզելու համար, որը հնարավորություն է տալիս ստանալ բարելավված հատկություններով ճառագայթակայուն պիգմենտներ ՋԿԾ համար: Ստացված ծածկույթները փորձարկվել են Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայում տիեզերական միջավայրը մոդելավորող պայմաններում:
- Ալմաստ պարունակող գործիքակոմպոզիտային նյութերի սինթեզի համար՝
- KNO3-Ca(NO3)2-Al2O3/B2O3 համակարգի հիմքով, մշակվել է վերափոխման նեղ ջերմաստիճանային տիրույթով, բյուրեղացման նկատմամբ կայուն, դյուրահալ նիտրատային ապակիներ: Մշակվել են կոմպոզիտային ալմաստահղկանյութեր` մոնո- և բազմաբյուրեղային ալմաստի մշակման համար:
Երկրի մասին գիտություններ.
- Իգնիմբրիտների շերտագրական և պետրոլոգիական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նախկինում անջատված բյուրական-շամիրամի տիպն արթիկ տիպի իգնիմբրիտների ենթատիպն է: Վերը նշված իգնիմբրիտները և երևան-լենինականյան տիպի տուֆերն արդյունք են Արագածի հրաբխային ակտիվության տարբեր էպիզոդների:
- Մարտակերտի շրջանի (Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան հատված) միկրոբիալ, կարբոնատային գնդաձև առաջացումներն ունեն սև, միկրիտային պելոիդալ կառուցվածք, առանց ներքին շերտայնության, հետևաբար դասակարգվել են որպես թրոմբոլիթներ և յուրահատուկ երկրաբանական հուշարձաններ են:
- Դաստակերտ-2 հանքային դաշտի տարածքում բացվել են ոսկեբեր գոտիներ, որոնցում օգտակար հանածոյի պարունակությունը համապատասխանում է արդյունաբերական մակարդակին:
- Կազմվել է ՀՀ տարածքի 1:500 000 մասշտաբի սեյսմիկ վտանգի գնահատման նոր հավանակային և ճշգրտված դետերմինիստական քարտեզի տարբերակ՝ արտահայտված գրունտների առավելագույն արագացման արժեքներով:
- Կիրառելով կոնսոլային ձողով առաձգական ալիքի և երկար լարով հոսանքի տարածման միջև ստացված համանմանությունը` առաջարկվել է սկզբունքորեն նոր սխեմա` հաշվարկելու սեյսմիկ ազդեցությունը շենքների և կառույցների վրա: Առաջին անգամ գրվել է հավասարումների համակարգ` երկհաղորդիչ լարով հոսանքի համար, որը համանման է ձողով մաքուր սահքի տատանմանը:
Կիրառական մշակումների արդյունքներ Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ
- «Բիօքսիլ-2» ախտահանիչի ակտիվարարի բաղադրության օպտիմալացման և ստացված նմուշների մանրէասպան ակտիվության բացահայտման նպատակով փորձարկումներ են իրականացվել ՀՀ առողջապահության նախարարության «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ում, «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ի ռեֆերենս լաբորատորիայում, մսամթերքի, ձկան վերամշակման, հյութերի արտադրություններում: Բոլոր փորձարկումներում հաստատվել է «Բիօքսիլ-2» ախտահանիչի բարձր արդյունավետությունը:
- Մշակվել է պղնձալարերի արդյունաբերական օքսիդային յուղոտ թափոններից մեծ մաքրությամբ (99%-ը գերազանցող) պղնձի փոշու կորզման եղանակ՝ միափուլ այրման տեխնոլոգիական պրոցեսով:
- Հիդրիդային ցիկլի եղանակով մշակվել են տիտանի ալյումինիդի՝ TiAl3 և տիտանի ամենատարածված Тi6Al4V համաձուլվածքի ստացման միափուլ, անթափոն, էկոլոգիապես անվտանգ նոր տեխնոլոգիական պրոցեսներ, որոնք առավել արդյունավետ են, պարզ և ապահովում են էներգածախսերի և պրոցեսի տևողության զգալի կրճատում:
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքահարստացուցիչ ֆաբրիկայի թափոնապոչի վերամշակման և դրանից պղնձ, մոլիբդեն, երկաթ պարունակող բաղադրիչների կորզման նոր տեխնոլոգիան փորձարկվել է խոշորացված լաբորատոր սարքավորման վրա:
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն
- Մշակվել և փորձարկվել են խաղողի վերամշակման պրոցեսի բուսական թափոններում պոլիֆենոլային միացությունների հակաօքսիդանտային (հակառադիկալային) ակտիվության գնահատման և այդ միացությունների քանակական որոշման սպեկտրոֆոտոմետրիկ մեթոդներ:
- Կատարվել է ալբումինի և պլազմային սպիտակուցների բաժանման կապիլյարային զոնային էլեկտրոֆորեզի եղանակի մշակում: Այս հետազոտությունը կարող է դառնալ ախտորոշիչ եղանակ լյարդի ցիռոզի հայտնաբերման, կանխարգելման և բուժման համար:
Մ.Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ
- Ուսումնասիրվել են պղնձի օքսիդացած հանքանյութերից ֆլոտացումով պղնձի կորզման պրոցեսները և առաջարկվել են արդյունավետ կորզման տեխնոլոգիական հիմունքներ:
- «Սերպենտինացված ուլտրահիմնային ապարների համալիր քիմիական մշակման տեխնոլոգիա» տարեկան նախագծի շրջանակներում հավաքվել է պիլոտային սարքավորում և կատարվել փորձարկումներ Հայաստանի հանքավայրերի սերպենտինացված լեռնային ապարներից բիշոֆիտի ստացման տեխնոլոգիական պարամետրերի ճշտման համար: Ցույց է տրվել, որ առաջարկված տեխնոլոգիան կարելի է ներդնել արտադրական մասշտաբներով բիշոֆիտ և սիլիկահողեր ստանալու համար:
Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
- Հարստացման ճանապարհով ստեղծվել է նոր տիպի ֆոսֆորային պարարտանյութ, որն իր որակական չափանիշներով (բույսերի կողմից P2O5 կլանման քանակով) արդյունաբերության մեջ օգտագործվող կրկնակի սուպերֆոսֆատի նմանատիպն է:
- Ուժեղ երկրաշարժը դիտարկելով որպես երկրակեղևի ակնթարթային խզում՝ տեսական հետազոտություններով որոշվել են երկրի մակերևույթի վրա անհամասեռ գրունտային ստվարաշերտի մասնիկների լայնական սեյսմիկ տատանումների սկզբնական արագությունները՝ կախված կանխագուշակվող երկրաշարժի մագնիտուդից: Գործնական կիրառության նպատակով կառուցվել են ուժեղ՝ 6.0 ≤ M ≤ 9.0 մագնիտուդի երկրաշարժերի համար գրունտի արագացման (երկրաշարժի ուժգնություն ըստ MSK-64 սանդղակի) և էպիկենտրոնային հեռավորության կապը տվյալ տեղանքի իրական դինամիկ պարամետրերի հաշվառմամբ:
- Իրականացված համալիր ստորջրյա և վերջրյա տեկտոնական հետազոտությունները թույլ են տալիս Սևանա լճի հատակին, լճային ժամանակակից նստվածքների տակ բացահայտել Նորատուս-Քանագեղ տեկտոնական խախտման սեգմենտի առկայությունը՝ հիմնվելով ստորջրյա աղբյուրների և գազերի արտանետման աշխարհագրական բաշխվածության վրա:
- Կատարվել է բջջային սեյսմոլոգիա (Cellular Seismology) մեթոդի ուսումնասիրություն և դրա կիրառումը ՀՀ խոշոր ջրամբարների տարածքում երկրաշարժերի կամ պայթյունների ուսումնասիրության համար:
- Մշակվել և ստեղծվել է փորձնական նմուշ՝ ժամանակակից բազմաֆունկցիոնալ էլեկտրահետախուզական բազմաալիք չափման սարքավորում «VECTOR-GEO», որն իր առանձնահատկությունների և մրցակցային առավելությունների շնորհիվ կարող է լայնորեն օգտագործվել էլեկտրահետախուզական գիտահետազոտական աշխատանքներում:
- Ավարտին է հասցվել և թեստավորվել սողանքների ավտոմատացված մոնիթորինգի ծրագրային ապահովումը, որն այժմ գործում է Հայաստանում առաջին անգամ իրականաց¬ված մոնիթորինգի համակարգում: Մշակվել է քարաթափումների վտանգի գնահատման մոդել` օգտագործելով Լոռու մարզի քարաթափումների վերաբերյալ տվյալները:
Ա. Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ
- Ինստիտուտի գիտաարտադրական բազայում ստեղծվել է նոր փոքրածավալ արտադրական գիծ, կազմակերպվել են ՀՀ շուկայում որոշակի պահանջարկ ունեցող ջրի մակարդակի ստուգիչ-չափիչ ստացիոնար և մոբիլ սարքերի սերիական արտադրություններ, որոնք հաջողությամբ կիրառվում են ՀՀ հատուկ նշանակության ջրամբարների անվտանգ շահագործման նպատակով:
- Համալիր երկրաֆիզիկական, սեյսմաբանական, գեոդեզիական, երկրաբանատեկտոնական տվյալների համակարգային վերլուծության արդյունքում Կապսի ջրամբարի տարածքի համար կառուցվել է 1:200000 մասշտաբի երկրակեղևի կառուցվածքադինամիկ եռաչափ մոդել, որը ծառայել է սեյսմատեկտոնական հիմք ջրամբարի ամբարտակի վրա սեյսմիկ ազդեցությունների գնահատման նպատակով ստեղծված սեյսմիկ վտանգի քարտեզի համար:
- Համալիր երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են կառուցվող Կապսի ջրամբարի «Կումայրի» ոռոգման թունելի ուղեգծի տարածման դիրքը, երկարությունը, գեոտեխնիկական վիճակը, գնահատվել են թունելի շարունակության նոր տեղամասի ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական առանձնահատկությունները:
- Մշակվել և ՀՀ-ում ներդրվել է հեռակառավարվող պյեզոմետրական, ճարտարագիտասեյսմաբանական ստուգիչ-չափիչ համակարգ՝ ռազմավարական նշանակության կառույցների մշտադիտարկման և անվտանգ շահագործման համար:
- Նախագծվել, պատրաստվել և փորձարկվել է ուղղաձիգ տատանումները գրանցող սեյսմիկ տվիչ:
- Նախագծվել, պատրաստվել և ներդրվել է հորատանցքերում ջրի մակարդակի ստուգիչ-չափիչ, ավտոմատացված ստացիոնար համակարգ:
- Գեղարդալճի ջրամբարի վրա պյեզոմետրական հորատանցքերում ստեղծվել է ջրի մակարդակի մշտադիտարկման ավտոմատացված ցանց:
- Նախագծվել և ներդրվել է սեյսմիկ պաշտպանության հեռակառավարվող համակարգ, ստրատեգիական կարևոր օբյեկտների մշտադիտարկման և անվտանգության համար:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն 27.03.2018թ. |