Նորություններ
04/12/2017
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը նշեց իր 60-ամյա հոբելյանը

    Սույն թվականի նոյեմբերի 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը նշեց իր 60-ամյա հոբելյանը: 

05122017_1.jpg
    «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը ՀՀ ԳԱԱ-ի և մեր գիտության լավագույն կառույցներից մեկն է: Ինստիտուտում, սկսած իր առաջին տնօրեն ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանից, հավաքվել են այնպիսի գիտնականներ, ովքեր ջանք չեն խնայել զարգացնելու ինստիտուտը և պատիվ են բերել մեր երկրին», - իր ողջույնի խոսքում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

05122017_3.jpg
    Ներկայացնելով ինստիտուտի 60-ամյա պատմությունը` ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը նշեց, որ համակարգչային տեխնոլոգիաների զարգացման վաղ շրջանում ԽՍՀՄ-ում Հայաստանը դարձավ բազային կենտրոն համակարգիչների նախագծման և ստեղծման գործում` կենտրոնացնելով հզոր ռեսուրսներ: «Գիտությունների ակադեմիայի համակարգում ստեղծվեց հաշվիչ կենտրոն, որը պետք է կատարեր հիմնարար հետազոտություններ և ծրագրային ապահովում ստեղծվող մեքենաների համար: Ինստիտուտը տարիների ընթացքում  իրականացրել է գիտական հետազոտություններ  և մասնակցել  է Հայաստանում տնտեսության բարդ հաշվողական  խնդիրների լուծմանը», - ասաց Վլադիմիր Սահակյանը:
    ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գիտության ոլորտում ներդրած մեծ ավանդի և բեղմնավոր գործունեության համար ոսկե հուշամեդալով պարգևատրեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանին, ով խոշոր ներդրում ունի հաշվողական կառուցվածքների սինթեզի ավտոմատա-հանրահաշվական մոտեցման զարգացման մեջ և ակտիվ մասնակցել է Արմկլաստերի, հայկական հաշվողական Գրիդ ինֆրակառուցվածքի ստեղծմանը: 1986-2006 թվականներին նա եղել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն: 

05122017_2.jpg
    ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը կոմիտեի ոսկե մեդալ շնորհեց ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանին: «Ինստիտուտն ունի ոչ միայն հանրապետական, այլ նաև տարածաշրջանային նշանակություն: Հաշվողական ռեսուրսների  ստեղծման գործում ինստիտուտը շատ մեծ օգնություն է ցուցաբերել հարևան Վրաստանին, ունի մեծ ներդրում ՆԱՏՕ-ի ծրագրերում, եվրոպական միջավայրին ԳՐԻԴ համակարգի միացման գործում», - իր խոսքում նշեց Սամվել Հարությունյանը: 

05122017_4.jpg
    Հոբելյանի առթիվ ինստիտուտի մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին ՀՀ ԳԱԱ-ի կողմից: ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը վաստակագրեր հանձնեց Իգոր Զասլավսկիին, Եվգենի Հարությունյանին, Հրանտ Մարանջյանին, Էդուարդ Պողոսյանին, Լևոն Ասլանյանին, Հակոբ Սարուխանյանին, Արամ Նանասյանին, Գուրգեն Խաչատրյանին:  
    ՀՀ ԳԱԱ գովեստագրերով պարգևատրվեցին Արտակ Պետրոսյանը, Արտաշես Միրզոյանը, Հրաչյա Ասատրյանը, Հասմիկ Սահակյանը, Սեդա Մանուկյանը, Մարիամ Հարությունյանը: 
    ՀՀ ԳԱԱ պատվոգրեր հանձնվեցին Սուրեն Ալավերդյանին, Արսեն Մադաթյանին, Սամվել Դարբինյանին, Իսկանդար Կարապետյանին, Մելիք Կարախանյանին, Ռուզաննա Մելիքյանին: 
    Ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը շնորհալակագրեր հանձնեց 25 և ավելի տարիներ ինստիտուտում գործունեություն ծավալած աշխատակիցներին: 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
04.12.2017թ.