| ||||||||
Ականավոր հայագետ, լեզվաբան, ՀԽՍՀ ԳԱԱ ակադեմիկոս Գրիգոր Այվազի Ղափանցյանը ծնվել է 1887թ. Աշտարակում: Սովորել է տեղի երկդասյան դպրոցում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Պետերբուրգի համալսարանում, աշակերտել է Նիկողայոս Մառին։ 1913թ. ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական բաժինը և աշխատանքի անցել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1914թ. մասնակցել է Անիի՝ Նիկողայոս Մառի կազմակերպած պեղումներին։ Միաժամանակ գրել է «Լեզվաբանական դիսցիպլինաներ և լեզու» գիտական գործը։ 1921թ. հրավիրվել է Երևանի համալսարան և մինչև 1954թ. ղեկավարել լեզվաբանության ամբիոնը: Գիտնականի հայագիտական և լեզվաբանական կարևոր նշանակություն ունեցող լեզվաբանական աշխատությունները լույս են տեսել 1925թ.-ից: Երևանի պետական համալարանում Գ.Ղափանցյանը դասավանդել է մի շարք առարկաներ՝ գրաբար, հայերենի պատմահամեմատական քերականություն, ուրարտերեն, ընդհանուր լեզվաբանություն: 1930թ. ստացել է պրոֆեսորի կոչում, 1942թ.՝ գիտության վաստակավոր գործչի կոչում: 1943թ., երբ հիմնադրվում է ՀՍՍՌ գիտությունների ակադեմիան, Գ. Ղափանցյանը դառնում է նրա հիմնադիր անդամներից մեկը: Մոտ հինգ տարի նա ղեկավարել է Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանմունքը, իսկ 1950թ. մինչև 1956թ. աշխատել է լեզվի ինստիտուտում` որպես դիրեկտոր: Ակադեմիկոս Գ. Ղափանցյանի գիտական հետազոտությունները նվիրված են հայագիտության կարևոր խնդիրներին, հայոց լեզվի և մշակույթի տարբեր հարցերին։ Նրա ուսումնասիրություններն արդյունք են երկարատև և քրտնաջան աշխատանքի։ Դրանցից են «Chetto-Armeniaca»-ն (1931թ.), «Ընդհանուր լեզվաբանություն» (1939թ.), «Ուրարտուի պատմություն» (1940թ.), «Խեթական աստվածները հայերի մոտ» (1940թ.), «Հին Հայաստանի տեղանունների պատմալեզվաբանական նշանակությունը» (1940թ.), «Արա Գեղեցիկի պաշտամունքը» (1944թ.), «Հայոց լեզվի ծագման հարցի շուրջ» (1946թ.), «Հայասան՝ հայերի բնօրրան» (1947թ.), «Պատմալեզվաբանական աշխատություններ» (1956թ., հատոր 1) և այլն։
Հ.Հ. Կոստանյանի հոդվածը Գ.Ղափանցյանի մասին Գ.Ղափանցյանը Սովետական Միության ականավոր ուրարտագետներից էր: Առաջինն է հայերեն գրել ընդարձակ աշխատություն ուրարտերենի պատմության և մշակույթի մասին, բազմաթիվ վերծանումներ կատարել և շատ խնդիրներ պարզաբանել։ Երկար ժամանակ զբաղվելով ընդհանուր լեզվաբանության հարցերով՝ նա գրել է ընդհանուր լեզվաբանության հայերեն առաջին մեծածավալ արժեքավոր ձեռնարկը: Վերագնահատելով լեզվաբանական գիտական խնդիրները՝ շատ հարցերի տվել է լուրջ լուծումներ: Ստուգաբանելով հայերենի մի շարք բառեր, անդրադառնալով լեզվական տարբեր դրսևորումների՝ Ղափանցյանը վերականգնել է պատմական-մշակութային այն կապերը, որ հայ ժողովուրդն ունեցել է իր շրջապատի հնագույն ցեղերի և ժողովուրդների հետ՝ մեր դարաշրջանից հազարամյակներ առաջ։ Նրա թողած գիտական ժառանգությունն արդի հայագիտության զարգացման հարուստ աղբյուր է։ Մարտիրոս Սարյան և Գրիգոր Ղափանցյան Գ.Ղափանցյանը 1930թ.-ից հայերենագիտական հարցերի անդրադառնում է միանգամայն այլ տեսանկյունից։ Շատ հարցեր փորձում է լուծել՝ ուսումնասիրելով փոքրասիական մի շարք մեռած լեզուներ՝ խեթերեն, ուրարտերեն, խուռիերեն, պալայերեն և այլն։ Լինելով հին լեզուների հմուտ մասնագետ՝ պարզել է հայերենի և հին լեզուների առնչությունները։ Այդպիսին է «Chetto-Armeniaca»-ն, որում հեղինակն առաջին անգամ պարզում է խեթական և հայկական լեզվական ընդհանրությունները։ Գիտնականը փաստում է, որ դրանք փոխառություններ չեն, այլ վաղեմի ժամանակների վկայություններ՝ թերևս հայ ժողովրդի կազմավորման շրջանից։ Ապացուցում է, որ խեթերը սերտ կապեր են ունեցել Հայկական լեռնաշխարհի բնակչության հետ։ Խեթերենի վրա սեմական լեզուների ազդեցության մասին Գ. Ղափանցյանը որոշակի փաստերով անդրադրձել է «Archiv Orientalni» ամսագրում (1954 թ., հ. 22): Մյուս աշխատությունը, որի մեջ Գ.Ղափանցյանը պարզում է հայոց լեզվի աղերսները փոքրասիական լեզուների հետ, «Հին Հայաստանի տեղանունների պատմալեզվաբանական նշանակությունը» խորագիրը կրող ռուսերեն մենագրությունն է։ Այս աշխատության մեջ նա հայկական տեղանունների հիման վրա ցույց է տալիս ասիանիկ լեզուների ազդեցության բազմաթիվ փաստեր հայերենի վրա։ Գ.Ղափանցյանն քննել է նաև հայոց և լազո-մեգրելական լեզուների մեջ եղած լեզվական ընդհանրություններն ու փոխառությունները։ Այս հարցին անդրադարձել են նաև այլ գիտնականներ՝ Ն. Մառ, Հ. Աճառյան, Ա. Շանիձե, Ի. Կիպշիձե և ուրիշներ։ Գ.Ղափանցյանը պարզել է նաև հայերեն ու պալայերեն, հայերեն և ասսուրա-բաբելական լեզուների լեզվական ընդհանրություններն ու փոխառությունները։ Պարզել է, որ ասսուրա-բաբելական լեզվից հայերենին անցել են շուրջ 35 բառ։ Գիտնականը երկար ժամանակ եղել է այն համոզման, որ հայերենը ծագել է փոքրասիական («ասիանիկ»՝ Պ. Կրեչմերի տերմինաբանությամբ) լեզվական սուբստրատից՝ սկզբնապես ապրելով խեթական, խուրաուրարտական և վրացական էթնիկական և լեզվական միջավայրում։ Ճիշտ է, հայոց լեզուն բազմաթիվ լեզվական ընդհանրություններ ունի հին փոքր-ասիական (ասիանիկ) լեզուների հետ, որոնք, սակայն, փոխառություններ կամ ազդեցություններ չի կարելի համարել։ Հայերենը փոքրասիական լեզու համարելն անհիմն և սխալ տեսակետ է, քանի որ հայերենի քերականական կառուցվածքի և բառային հիմնական ֆոնդի հնդեվրոպական բնույթը վաղուց հաստատված է գիտության մեջ: Գ. Ղափանցյանի գիտական գործունեության մեջ հատուկ տեղ է գրավում ընդհանուր լեզվաբանության հարցերի քննությունը։ Դեռևս 1937թ. հայերեն լույս է տեսել նրա «Ընդհանուր լեզվաբանություն» դասագիրքը, որն ընդգրկում էր միայն ներածական մաս և հնչյունաբանություն։ Հետագայում՝ 1939թ., լույս է տեսել Գ.Ղափանցյանի «Ընդհանուր լեզվաբանություն» ընդարձակ աշխատության առաջին հատորը, որը բովանդակում է ընդհանուր (ներածական) մաս, հնչյունաբանություն, ձևաբանություն, բառագիտություն (նաև իմաստաբանություն)։ Հեղինակի նպատակը՝ գրել աշխատության երկրորդ հատորը, դժբախտաբար չիրագործվեց։ Գ.Ղափանցյանի «Ընդհանուր լեզվաբանություն» դասընթացը ժամանակին մեծ օգնություն էր ոչ միայն ընդհանուր լեզվաբանության, այլև հայոց լեզվի պատմության, արդի հայերենի հարցերով զբաղվողներին։ Այդ աշխատությունն ունեցել է տեսական և գործնական նշանակություն. հետազոտվել և լուծում են ստացել ընդհանուր լեզվաբանության մի շարք հանգուցային հարցեր։ Ընդհանուր լեզվաբանության հարցերին վերաբերող Գ.Ղափանցյանի մյուս աշխատությունները «Հայոց լեզվի զարգացման ներքին օրինաչափությունների մասին» և «Լեզուների ծագումնաբանական դասակարգման հիմունքները և լեզվի զարգացման ստադիալականության մասին Ն.Մառի հայացքների քննադատությունը» (հայերեն և ռուսերեն) գրքերն են, որոնցում հեղինակը քննադատում է Ն.Մառի «Լեզվի նոր ուսմունքի» դրույթները և պատմահամեմատական քերականության սկզբունքներով, հայերենի ու այլ լեզուների լեզվական փաստերի հիման վրա փորձում է պարզել լեզվի զարգացման ներքին օրինաչափությունների, լեզուների դասակարգման և այլ ընդհանուր լեզվաբանական հարցեր։ Ակադեմիկոս Գ.Ղափանցյանի «Հայասան՝ հայերի բնօրրան» նշանավոր աշխատությունը նվիրված է Հայաստանի և Առաջավոր Ասիայի պատմության մի շարք կարևոր խնդիրների պարզաբանմանը, հայ ժողովրդի, նրա մշակույթի ու լեզվի հարցերին։ Գ.Ղափանցյանը բազմաթիվ պատմական, լեզվական փաստերի, աշխարհագրական և հնագիտական տվյալների հիման վրա փորձել է պարզել հայերի և հայերենի գոյացման, ինչպես և շատ ուրիշ կնճռոտ հարցեր՝ նկատի ունենալով Հայասա-Ազզի երկրի մասին խեթական արձանագրություններում եղած տվյալները։ Ըստ Գ.Ղափանցյանի հետազոտության՝ հայասցիները, արմենները և նաիրյան-ուրարտական ցեղերն աստիճանաբար ձուլվել են՝ կազմելով հայ ժողովրդի կորիզը։ Հետագայում հայեր-արմենների և նրանց շրջապատող ցեղային խմբերի միջև սկսել են զարգանալ և ամրապնդվել տնտեսական, քաղաքական, մշակութային, լեզվական և տարածքային հարաբերություններ։ Հայոց լեզվի ծագման և նրա քերականական կառուցվածքի մասին Գ.Ղափանցյանը, իհարկե, վերջնական դրույթ չի առաջադրել, այլ տվել է միայն ընդհանուր ուրվագիծ և հույս հայտնել, որ այդ հարցով հանգամանորեն զբաղվելու է իր «Հայոց լեզվի պատմության հնագույն շրջանը» աշխատության մեջ, որի վրա նա աշխատում էր մինչև իր կյանքի վերջին օրերը: Շուրջ 45 տարվա իր գիտական գործունեության ընթացքում Գ. Ղափանցյանը մեծ ջանասիրությամբ ուսումնասիրել է հայոց լեզվի պատմության հնագույն շրջանը, հայերենի և հայերի գոյացման և սրանց հետ կապված բազմաթիվ հարակից խնդիրներ և իր հետազոտություններով մեծ ներդրում ունեցել է հայագիտության մեջ։ Նրա գրչին են պատկանում հայ ժողովրդի և լեզվի պատմության, ազգագրության, դիցաբանության՝ աստվածների պաշտամունքին, ընդհանուր լեզվաբանության զանազան խնդիրներին նվիրված մի շարք կարևոր աշխատություններ։ Բանասիր. գիտ.դ. Ն.Ա. Պառնասյանի հոդվածը նվիրված Ղափանցյանի 100-ամյակին (ձախից), Գիտական Հոդվածների ժողովածու նվիրված Ղափանցյանի 130-ամյակին, Ռ.Է. Աղայանի հոդվածը նվիրված Ղափանցյանի 100-ամյակին (աջից) Գ.Ղափանցյանը մինչև կյանքի վերջին օրերը ստեղծագործել է և իր ուժերն ի սպաս դրել հայ լեզվաբանության և հայագիտության զարգացմանը։
|