Գիտական արդյունքներ
10/12/2024
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողները հայտնաբերել են գիտության և Հայաստանի ֆաունայի համար նոր տեսակներ

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողները հայտնաբերել են գիտության և Հայաստանի ֆաունայի համար նոր տեսակներ և ապրելավայրեր։

Փորձարարական կենդանաբանության լաբորատորիայի աշխատակիցների հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է սարդերի Eresidae ընտանիքին պատկանող գիտության համար նոր 1 տեսակ, գրանցվել է ՀՀ ֆաունայի համար սարդակերպերի նոր 50, լվիճների 23 տեսակ: Երիտասարդ գիտաշխատող Անուշիկ Խաչատրյանի թեկնածուական թեզի կատարման շրջանակում հայտնաբերվել է ՀՀ ֆաունայի համար ջրարջերի 10 նոր տեսակ։ 

Արդյունքների վերաբերյալ տպագրվել են գիտական հոդվածներ մի շարք հայտնի միջազգային և ազգային գիտական հրատարակություններում, ինչպիսիք են Springer Nature-ըActa Agriculturae Slovenica (University of Ljubljana)Arab Journal Of Plant ProtectionEuroasian Entomological Journal, BiodiversityIndian Journal of Entomology։

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում հայտնաբերվել են Դարևսկու իժի նոր ապրելավայրեր։ Աշխատանքներն իրականացվել են Սենտ-Լուիսի կենդանաբանական այգու գիտաշխատողների հետ համատեղ, գիտական ղեկավարն է կենսաբանական գիտությունների թեկնածու Լևոն Աղասյանը։ Տպագրվել է հոդված Herpetological Review ամսագրում։

Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում Հայաստանում առաջին անգամ ճագարների օրգանիզմում հայտնաբերվել են դիկրոցելիա մակաբույծի ձվեր: Ձվերն օվալաձև են, խիտ թաղանթով, լեղու հետ ընկնելով տիրոջ աղիներ, արտազատվում են արտաքին միջավայր։ Մակաբույծի զարգացումը կատարվում է տիրափոխությամբ․ միջանկյալ տերը Helicella և այլ ցեղի ցամաքային խխունջներն են, իսկ լրացուցիչ տերը` Formica ցեղի մրջյունները: Ճագարները և այլ վերջնական տերեր վարակվում են, երբ նրանք խոտի հետ ուտում են վարակված՝ դիկրոցելիաների մետացերկարիա պարունակող մրջյուններին: Վարակված ճագարների մոտ դիտվում է արտադրողականության նվազում, մարսողական համակարգի խանգարումներ և ընդհանուր հյուծվածություն։ Գիտական ղեկավարն է կենսաբանական գիտությունների թեկնածու Մարինե Վարդանյանը։ Տպագրվել է հոդված «Internationl Journal of Agriculture and Biosciences»-ում։

Գիտության համար նոր տեսակների գրանցումը լույս է սփռում էվոլյուցիոն գործընթացների վրա՝ բացահայտելով, թե ինչպես են տեսակները հարմարվում իրենց միջավայրին և ժամանակի ընթացքում զարգանում: Նրանց բազմազանության ըմբռնումն օգնում է պարզաբանել էկոհամակարգի դինամիկան և փոխկախվածությունը: Նոր տեսակների հայտնաբերումն ու մոնիտորինգը կարող են վաղ նախազգուշացումներ տալ էկոհամակարգերի վիճակի և շրջակա միջավայրի փոփոխությունների մասին:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
10․12․2024թ․