Գիտական արդյունքներ
15/02/2024
ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում կենդանական մոդելներում ուսումնասիրվում է ուռուցքային պրոցեսների կանխարգելումը

Ուռուցքային հիվանդությունների բուժման համար ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում կատարվում են Macrovipera lebetina obtusa թույնի և ցլի ենթաստամոքսային գեղձի ֆոսֆոլիպազ A2-ի ու ֆոսֆորային դենդրիմերների, ֆոսֆոր պարունակող ամֆիֆիլային դենդրոնների և արծաթե նանոմասնիկների փոխազդեցության բացահայտման համեմատական հետազոտություններ։

 

«Ֆոսֆորային դենդրիմերները, ֆոսֆոր պարունակող ամֆիֆիլային դենդրոնները և արծաթե նանոմասնիկները ժամանակակից ուռուցքաբանության համար ակտիվ մշակվող նանոմասնիկներ են, որոնց նախատիպերն արդեն հասել են կլինիկա: Դրանց փոխազդեցության բացահայտումը կենսաբանորեն ակտիվ միացությունների հետ չափազանց կարևոր է թիրախային դեղորայքի տեղափոխման ընթացքում տեղի ունեցող պրոցեսների խորքային մեխանիզմների պարզաբանման համար, - ասաց ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, հետազոտական խմբի ղեկավար, պրոֆեսոր Նաիրա Այվազյանը և հավելեց, - նախկինում մենք ցույց ենք տվել, որ օձի թույնի ակտիվ բաղադրամասերը կարող են ունենալ դրական ազդեցություն ինչպես արագ զարգացող քաղցկեղների տարբեր տիպերի (մասնավորապես՝ սարկոմաների), այնպես էլ բազմաթիվ այլ (մասնավորապես՝ բորբոքային) հիվանդությունների կասեցման գործում: Հետևաբար, գնահատվել է թույնի բաղադրիչների սիներգիկ փոխազդեցության աստիճանը, այդ թվում՝ նաև նորագույն սերնդի նանոմասնիկների հետ փոխազդեցության ժամանակ՝ ընկալելով վերջիններին որպես օրգանիզմում դեղամիջոցների թիրախային տեղափոխման կրիչ»։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Journal of Biotechnology» (ԱԳ-3.5) https://doi.org/10.1016/j.jbiotec.2021.03.009, «Artificial Cells, Nanomedicine, and Biotechnology» (ԱԳ-6.3) https://doi.org/10.1080/21691401.2022.2149931, «GigaScience» (ԱԳ-6.5)» https://pubmed.ncbi.nlm.nih.gov/35640874/ ամսագրերում։

«Մեկ ու կես տարում մոտ 35 հղում ունի հոդվածը։ Այն զեկուցվել է մի շարք հեղինակավոր միջազգային գիտաժողովներում՝ հրավիրված զեկույցի ձևաչափով», - ասաց Նաիրա Այվազյանը:

Հետազոտող թիմի 8 մասնակցից 6-ը երիտասարդ գիտնականներ են, 2-ը՝ ԵՊՀ-ի և Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներ: 

Հետազոտությունն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի Թունաբանական հետազոտությունների լաբորատորիայի բազային ֆինանսավորմամբ, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում՝ 21AG-1F031 Առաջատար հետազոտությունների և 2lSC-RBSCST-1F0 Հայ-բելառուսական համատեղ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
15․02․2024թ․